Մագնիսաջերմային երևույթներ

Մագնիսաջերմային երևույթներ, մարմնի ջերմային վիճակի փոփոխությունները՝ կախված մագնիսական վիճակի փոփոխությունից։ Մագնիսաջերմային երևույթների առաջացումը բացատրվում է մագնիսացման կամ ապամագնիսացման ժամանակ մարմնի ներքին էներգիայի փոփոխմամբ։ Եթե մագնիսական վիճակի փոփոխությունը տեղի է ունենում ադիաբատ պայմաններում, ապա մագնիսաջերմային երևույթները դրսևորվում են մարմնի ջերմաստիճանի փոփոխությամբ (մագնիսակալորիական էֆեկտ), իսկ եթե տեղի է ունենում իզոթերմ ձևով, ապա նկատվում է ջերմության անջատման կամ կլանման երևույթ։ Մագնիսաջերմային երևույթները առավել զգալի են ֆեռո-, հակաֆեռո- և ֆեռիմագնիսական նյութերում։ Ֆեռիմագնիսական նյութերին բնորոշ մագնիսաջերմային երևույթները լավ են ուսումնասիրված այն դեպքում, երբ մագնիսական վիճակը փոփոխվում է մագնիսացման վեկտորի բացարձակ արժեքի փոփոխման պատճառով (պարապրոցես) և թույլ են ուսումնասիրված դոմենային սահմանների տեղաշարժմամբ կամ մագնիսացման վեկտորի պտույտով (տեխնիկական մագնիսացում) պայմանավոըված փոփոխությունների դեպքում։ Հատկապես լավ են հետազոտված պարամագնիսական որոշ աղերում դիտվող մագնիսաջերմային երևույթները։ Պարզվել է, որ եթե ցածր ջերմաստիճանում գտնվող այդ աղերը ադիաբատ պայմաններում ապամագնիսացվեն ուժեղ մագնիսական դաշտերով, ապա կնկատվի այդ աղերի ջերմաստիճանի հետագա նվազում։ Նշված եղանակով հնարավոր է ստանալ բացարձակ զրոյին բավական մոտ ջերմաստիճաններ (մագնիսական սառեցում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 121