Հորատման տեղակայանք, սարքավորումների համալիր՝ հորատանցքեր փորելու համար։ Ըստ հորատման եղանակի հորատման տեղակայանքները լինում են պտտական (առավել տարածված), հարվածային, թրթռային, հրաշիթային ևն։ Պտտական հորատման դեպքում հորատման տեղակայանքը հանդերձվում է նաև հորատման պոմպերով և լվացման լուծույթների պատրաստման, մաքրման և վերականգնման սարքավորումով։ Տարբերում են ստացիոնար (նավթի, գազի և երկրաբանահետախուզական խոր հորատանցքեր հորատելու համար), շարժական (առավելապես երկրաբանահետախուզական, շինարարական աշխատանքներ կատարելիս), ինքնագնաց (սարքավորումը մոնտաժվում է թրթուրավոր կամ անվավոր մեքենայի, ավտոմոբիլի, տրակտորի վրա և հիմնականում կիրառվում են պայթեցման հորատանցքեր փորելու համար), փոխադրական (դժվարամատչելի շրջաններում որոնողական հորատանցքեր փորելու համար) հորատման տեղակայանք։ Լեռնային գործում հորատման տեղակայանքը անվանում են հորատման հաստոց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 585