Հողային քարտեզներ, երկրի մակերևույթի վրա հողերի տարածվածությունը, դրանց առանձնահատկություններն ու հատկություններն արտացոլող քարտեզներ։ Ստորաբաժանվում են՝

  • ընդհանուր հողային քարտեզներ, պատկերված է հողերի գենետիկորեն դասակարգված խմբերի աշխարհագրական տարածվածությունը, հողային-մելիորատիվ, լրացուցիչ տրվում են հողերի մելիորատիվ առանձնահատկությունները (աղերի պաշարները, ծծանցող ունակությունը, հողում քարերի առկայությունը և այլն),
  • հողային էրոզիոն քարտեզներ, հողերի էրոզիացման (կամ դեֆլիրացման) աստիճանը, էրոզիոնվտանգավոր սահմանները ևն։
Աշխարհի հողային քարտեզը

Բացի նշված համադրական հողային քարտեզներից կազմում են նաև վերլուծական քարտեզներ՝ քարտեզագրամներ, օրինակ ագրոքիմիական քարտեզագրամ, որոնց վրա տրվում են հողի մեկ կամ մի քանի հատկությունների տարբեր նշանակության սահմանները, օրինակ թթվայնություն, աղակալվածություն, ալկալիություն, մեխանիկական կազմ և այլն։

Մասշտաբներ խմբագրել

Ըստ մասշտաբների հողային քարտեզներները լինում են՝

  • մանրամասն (1։ 5000),
  • խոշորամասշտաբ (1։ 10000—1։ 50000),
  • միջին մասշտաբի (1։ 100000—1։ 300000),
  • փոքրամասշտաբ (1։ 500000—1։ 2000000),
  • ամփոփիչ (1—2.500000 և ավելի փոքր)։

Հողային քարտեզների նպատակն ու օգտագործումը խմբագրել

Մանրամասն հողային քարտեզները կազմում են փորձադաշտերի, սորտափորձարկման հողամասերի և այլնի, իսկ խոշորամասշտաբը՝ տարածքի ներտնտեսային կազմակերպման և ագրոտեխնիկական ու մելիորատիվ միջոցառումների պլանավորման համար, միջինմասշտաբայինը, իսկ երբեմն նաև խոշորամասշտաբայինը՝ գյուղատնտեսության և անտառային տնտեսության շրջանային, մարզային և հանրապետական պլանավորման, ամփոփիչը՝ ուսումնական նպատակների համար։ Հողային քարտեզները կազմում են հողային նկարահանումների հիման վրա։ Հողային նկարահանումները ընդգրկում են դաշտային հետազոտությունները (հողային ծածկոց, հողերի ցուցակների կազմումը, հաշվի առնելով հողառաջացնող գործոնները՝ մայրական ապարը, ռելիեֆը, բուսականությունը, ստորգետնյա ջրերը, կլիման և այլն), հողային կոնտուրների անցկացումը՝ օգտագործելով օդալուսանկարահանման, տեղագրական քարտեզների նյութերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 529