Հերձանցք, բույսերի վերգետնյա օրգանների էպիդերմիսի միկրոսկոպիկ ճեղքանման անցք՝ շրջապատված երկու կիսալուսնաձև պարփակող բջիջներով։ Վերջիններս պարունակում են քլորոպլաստներ և ունեն անհամաչափ հաստացած պատեր (խոռոչին հարող ներքին պատերն ավելի հաստ են, քան արտաքինը)։ Յուրաքանչյուր հերձանցքի տակ գտնվում է ստորհերձանցքային օդային խոռոչ, կապված տերևի միջբջջային տարածությունների հետ, որոնցով կատարվում է օդափոխանակություն։ Պարփակող և դրանց կից էպիդերմիսի բջիջների ձևը, չափերը և փոխադարձ դասավորվածությունը տեսակի որոշման համար կայուն ձևաբանական հատկանիշներ են։ Հերձանցքներ կան բույսի քլորոֆիլ պարունակող վերգետնյա բոլոր մասերում, սակայն առավել բազմաթիվ են տերևի էպիդերմիսում (1 մմ2- ում՝ 100—300)։ Հերձանցքներն իրականացնում են գազերի և գոլորշու փոխանակությունն արտաքին միջավայրի հետ։ Դա կատարվում է հերձանցքային ճեղքի բացման և փակման միջոցով (հերձանցքային շարժում), ընդ որում շարժումները կախված են միջավայրի պայմաններից (լույս, ջերմություն, ապահովվածություն ջրով ևն)։ Հերձանցքները բացվում են պարփակող բջիջների պատերի անհամաչափ հաստության (ջուրը ծծելիս արտաքին պատերն ավելի են ձգվում, քան ներքինը, կորությունն ավելանում է, խոռոչը՝ բացվում), տուրգորի դարձելի փոփոխության (օսլան փոխարկվում է շաքարի և հակառակը) պատճառով։ Կարևոր դեր են խաղում նաև կալիումի իոնները։ Բույսերի մեծամասնության հերձանցքները բացվում են առավոտյան, կեսօրին ճեղքերը նեղանում են, երեկոյան՝ փակվում։ Բաց հերձանցքներով ածխաթթու գազը թափանցում է բույսի ներքին հյուսվածքները, իսկ ֆոտոսինթեզի ընթացքում գոյացած թթվածինը և ջրի գոլորշիներն անցնում են մթնոլորտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 380