Հետք (առցանց պարբերական)

Հետք կամ Հետք պարբերական, առցանց պարբերական, որը թողարկվում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից։ Հայալեզու առցանց պարբերականը հիմնվել է 2001 թվականին, իսկ 2002 թվականից արդեն հրապարակվում է նաև պարբերականի անգլալեզու տարբերակը[1]։ Առցանց պարբերականի գլխավոր խմբագիրն Էդիկ Բաղդասարյանն է, իսկ փոխխմբագիրը՝ Լիանա Սայադյանը։

Հետք
Hetq
Տեսակառցանց պարբերական
Ժանրհետաքննական լրագրություն
Լեզուհայերեն, ռուսերեն, անգլերեն
Գլխավոր խմբագիրԷդիկ Բաղդասարյան
Հիմնադրվել է2001
ՀիմնադիրԷդիկ Բաղդասարյան
Հրատարակիչ«Հետաքննող լրագրողներ» ՀԿ
ԵրկիրՀայաստան
ԳրասենյակԲուզանդի 1/3, 8-րդ հարկ
Կայքhetq.am
էլեկտրոնային փոստinfo@hetq.am

Պատմություն

խմբագրել

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի հուլիսի 9-ին։ Այն իր հիմնական նպատակ է հռչակել Հայաստանում հետաքննական լրագրության զարգացումը, ինչպես նաև ազատ խոսքի իրավունքի և ժողովրդավարական արժեհամակարգի տարածումը։

2001 թվականից սկսած կազմակերպությունն արտադրում է հետաքննական ֆիլմեր և հոդվածներ, որոնք հիմնականում վերաբերում են բնապահպանության, սոցիալական, կրթական, մշակութային, դատաիրավական, էներգետիկ, բանկային համակարգի թեմաներին։ Այդ հետաքննությունների արդյունքում բացահայտվել են տվյալ պահին գործող իշխանությունների կողմից կոռուպցիոն դեպքերի դրսևորումների և մարդու իրավունքների հաճախակի խախտումների առանձնակի դեպքեր։

2001 թվականից սկսած «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը թողարկում է «Հետք» առցանց պարբերականը, իսկ արդեն 2002 թվականի սեպտեմբերից գործարկվել է նաև պարբերականի անգլերեն տարբերակը, որի նպատակը եղել է անգլախոս հանրությանը և Սփյուռքի հայ համայնքին ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։

Մինչև 2008 թվականը Հետքի թղթային տարբերակը եղել է շաբաթաթերթ, իսկ արդեն 2008 թվականից այն դարձել է օրաթերթ։ Ֆինանսական խնդիրների պատճառով 2011 թվականից դադարեցվել է տպագիր թերթի գործունեությունը[2]։

Հետքի հետաքննական հոդվածները վերահրապարակվում են Հայաստանի առաջատար լրատվամիջոցների կողմից։ «Հետք» առցանց պարբերականը Հայաստանի առաջին պարբերականն է, որն ընդունել է լրագրողների համար սահմանված էթիկայի կանոններ[3]։ Յուրաքանչյուր լրագրող, որն աշխատում է առցանց պարբերականի հետ, պետք է հետևի էթիկայի կանոններին։

2003 թվականից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն անդամակցում է Համաշխարհային հետաքննական լրագրության ցանցին[4], 2005 թվականից՝ Եվրոպական լրագրողների ասոցիացիային[5], իսկ 2007 թվականից՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին (OCCRP)[6]։

2003 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ՄԶԳ (UNDP) երևանյան գրասենյակը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ճանաչել է որպես տեղեկատվության ազատության իրավունքն ամենից արդյունավետորեն իրացրած կազմակերպություն, իսկ 2004 թվականին «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար մրցանակ է շնորհել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին[7]։

2019 թվականին «Հետք»-ը հիմնադրել է հետաքննական և մուլտիմեդիա լրագրության իր դպրոցը՝ Հետք Մեդիա Գործարանը[8]։

Հարձակում գլխավոր խմբագրի վրա

խմբագրել

2008 թվականի նոյեմբերի 17-ին հարձակման է ենթարկվել Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Հարձակումը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում, երբ լրագրողը դուրս է եկել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հետք» առցանց պարբերականի գրասենյակից և մոտեցել իր ավտոմեքենային[9]։ Ըստ լրագրողի՝

Միանգամից երկու հոգի հարձակվեցին՝ հենց մեքենայի դիմացից։ Խփեցին, նոր հասկացա, որ ինձ խփում են։ Սկսեցինք իրար խփել՝ իրենք ինձ, ես՝ իրենց։ Հեռախոսս ձեռքիս էր։ Մեկին՝ բերանին խփեցի։ Նույնիսկ՝ հեռախոսը արյունոտ է, ըստ երևույթին՝ նրա բերանի արյունն էր։ Ինքը ահագին հետ գնաց։ Որ հետ գնաց՝ ես իր դեմքը տեսա։ Մենակ այդ մեկի դեմքն եմ աղոտ հիշում, որ փորձեմ՝ կարող եմ վերարտադրել։ Մեկ էլ հետևից հարվածեց գլխիս։ Ես չգիտեմ ինչու, ինձ թվում է, քարով էր [հարվածը], անընդհատ ասում եմ քարով, բայց կարող է՝ երկաթով էր։

Հարվածից հետո լրագրողն ուշագնաց է եղել, հետո ուշքի եկել։ Ըստ նրա՝ հարձակվողները փախուստի են դիմել, երբ մոտակա շինության պարեկապահակային ծառայության աշխատակիցը կրակել է օդը։

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ, մի քանի հոգու կողմից անձին միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածով[10]։

Դեպքից մի քանի օր անց լուրեր են տարածվել, թե ծեծի կազմակերպիչը եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։ Հետագայում Վարդան Այվազյանը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ դեպքի օրը բացակայել է երկրից[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Founded 2001. «Investigative Journalists of Armenia (HETQ)». Global Investigative Journalism Network (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Hetq». Hetq.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Hetq». Hetq.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Members Archive». Global Investigative Journalism Network (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Association of European Journalists - National Contacts » AEJ Contacts». www.aej.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. OCCRP. «OCCRP Network Members». www.occrp.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Hetq». Hetq.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. «Ովքեր ենք մենք». mediafactory.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ / VIDEO /». A1Plus. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «Բռնություն է կիրառվել լրագրող Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. ««Հետք»-ի խմբագրի ծեծի հետ Վարդան Այվազյանը կապ չունի». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել