Հապաղում (երաժշտություն)

Հապաղում, նախորդ ակորդի տոնը (կամ տոները), որը, շարունակելով հնչել հաջորդ ակորդի ժամանակ, նրա հետ կազմում է ոչ ակորդային դիսոնանսող հնչյուն և լուծվում սեկունդա վար (հազվադեպ՝ վեր)՝ հաջորդ ակորդի համապատասխան ակորդային տոնի մեջ։

Հապաղումը գործածում են տակտի ուժեղ մասերում։ Տարբերում են հապաղման նախապատրաստված և չնախապատրաստված տեսակներ։ Նախապատրաստված հապաղումն ընթանում է 3 փուլով՝ նախապատրաստում (նախորդ ակորդում հապաղող տոնի կամ տոների առկայությունը), հապաղում (ակորդի հանդես գալը նախորդ ակորդից մնացած ակորդային հնչյունի հետ, որը նոր ակորդում դառնում է ոչ ակորդային դիսոնանս) և լուծում (դիսոնանսող՝ հապաղող հնչյունի անցումը նոր ակորդի համապատասխան ակորդային տոնին)։ Չնախապատրաստված հապաղման մեջ հապաղող հնչյունը նախորդ ակորդում կարող է հանդես գալ մեկ այլ ձայնում կամ ընդհանրապես չլինել, այսինքն՝ տակտի ուժեղ մասերի յուրաքան­չյուր ոչ ակորդային հնչյուն, եթե անցողիկ կամ օժանդակ չէ, կարելի է դիտել որպես չնախապատրաստված հապաղում։

Հապաղումը կիրառվում է նաև 2, 3, հազվադեպ՝ 4 ձայներում միաժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։