Հանգուցալուծում, գրական երկի սյուժեի բաղադրամասերից մեկը։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ կերպարների փոխհարաբերության զարգացման գագաթնակետին հաջորդող փուլը, երբ պատկերվող դեպքերն ու գործողությունները հանգում են իրենց ավարտին (Շիրվանզադեի «Քաոս» վեպում հանգուցալուծումն է Միքայելի ճիշտ ուղու վրա կանգնելու և Սմբատի բարոյական վերջնական անկման փաստը)։ Թատերական երկերում ու նորավեպերում հանգուցալուծումը սովորաբար լինում է ավելի սուր և ցայտուն. «Պատվի համար» դրամայում հանգուցալուծումը (Մարգարիտի ինքնասպանությունը) անմիջապես հաջորդում Է գագաթնակետին (փաստաթղթերը այրելու տեսարանին)։ Պարտադիր չէ, որ երկն ավարտվի կոնֆլիկտի հստակ հանգուցալուծումով. Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» գագաթնակետից (Ավարայրի ճակատամարտից) հետո էլ չի պարզվում, թե պարսիկ նվաճողների և հայ ժողովրդի պայքարում որ կողմը շահեց։ Երբեմն երկը կարող է սկսվել հանգուցալուծումով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 217