Հայրենիքի սիրո գրասենյակ

Հայրենիքի սիրո գրասենյակ, ազգային-ազատագրական խմբակ Հայաստանում։ Հիմնվել է 1874 թ.-ի հունիսին, Մեծ Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ Խմբակի հիմնադիրն էր Բարենպատակ ընկերության անդամ Համբարձում Բալասանյանը։ «Հայրենիքի սիրո գրասենյակը» փաստորեն եղել է այդ ընկերության մասնաճյուղը։ Նրա մեջ ընդգրկված էին հայրենասեր երիտասարդներ, որոնք խմբակի նիստերում քննարկում էին հայրենիքի անկախության և ազատության հարցերը։ 1875 թ.-ի հունիսի 5-ին ոստիկանությունը հայտնաբերում է խմբակը, ձերբակալում է որոշ անդամների, սակայն հիմնավոր փաստերի բացակայության պատճառով գործին դատական ընթացք չի տրվում։ Խմբակի ղեկավար Համբարձում Բալասանյանը արտաքսվում է Կարսի մարզ և վերցվում ոստիկանական հսկողության տակ, իսկ խմբակը լուծարքի է ենթարկվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 213