Հայպետհիդրոմետ (Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն), կազմակերպություն Հայաստանում։ Կազմակերպվել է 2002 թվականին՝ ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության (1992) և Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի (1992) միավորմամբ։

Հայպետհիդրոմետ
Երկիր Հայաստան
Հիմնադրված2002

Կազմակերպության խնդիրները խմբագրել

ՀՀ-ում ջրաօդերևութաբանական աշխատանքներն իրականացվում են 1930 թվականից։ Հիմնական խնդիրներն են վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության ու տնտեսության պաշտպանությունը, մթնոլորտում և ջրոլորտում կատարվող երևույթներին ու շարժընթացներին հասարակությանը, կառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկատվության ապահովումը, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության համաձայնագրից (ՀՀ անդամակցում է 1992 թվականից) բխող պարտավորությունների կատարումը։

Ծառայությունն իրականացնում է մթնոլորտի, ջրային օբյեկտների, գյուղատնտեսական մշակաբույսերի կանոնավոր դիտարկումներ, համապատասխան կազմակերպությունների հետ՝ ջրերի քանակական ցուցանիշների պետական հաշվարկ, կազմում է ջրաբանական տվյալների ամփոփագիր, հրատարակում կլիմայական, ագրոօդերևութաբանական, ջրաբանական, գիտակիրառական տեղեկագրքեր ու տարեգրքեր, կազմակերպում բնական միջավայրի ուսումնասիրման, գնահատման և կանխատեսման աշխատանքներ։

Ծառայության համակարգում գործում են ջրաօդերևութաբանական ռեժիմի ուսումնասիրման, օպերատիվ ջրաօդերևութաբանության, ջրաօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոններ, 42 օդերևութաբանական կայաններ, այդ թվում՝ Սևանի ջրաօդերևութաբանական դիտարանը, 7 ջրաբանական (92 ջրաչափ, դիտակետերով) ու 3 մասնագիտացված՝ օդաբանական, ագրոօդերևութաբանական և Ապարանի ջրամբարի ջրաօդերևութաբանական կայանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։