Հայելի Վարուց, միջնադարյան բարոյախրատական զրույցների ժողովածու։ Բնօրինակը ստեղծվել է 1480 թվականին, հրատարակվել 1481 թվականին՝ «Հայելի օրինակաց» վերնագրով։ Ժողովածուն ընդարձակել, լրացրել և վերամշակել է բելգիացի մատենագիր Հովհաննես Մայորը և անվանել «Մեծ հայելի»։ 14–16-րդ դարերում բազմաթիվ հեղինակների և զրուցապատում տարբեր հավաքածուների նյութեր պարունակող, քարոզիչների համար նախատեսված լատիներեն ժողովածուն միջնադարյան արձակի յուրատեսակ շտեմարան է։ Խորապես արտացոլել է միջնադարյան մարդու աշխարհընկալումը, նրա մտածելակերպն ու հավատալիքները, ըմբըռնումներն ու մտապատկերները։ «Մեծ հայելին» 17–18-րդ դարերում լայն ճանաչում է ստացել, թարգմանվել մի շարք լեզուների, հրատարակվել։ Ժողովածուն լեհերենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին (թարգմանել՝ 1651, հրատարակվել է՝ «Գիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», 1702)։ Նա վերականգնել է լատինական նախօրինակի վերնագիրը՝ «Հայելի վարուց»։ Լատինական և լեհական 2000 զրույցից թարգմանել է ընդամենը 247-ը։ Թարգմանության թեմաներից յուրաքանչյուրը մի առանձին գլուխ է (ընդամենը 71), որտեղ զետեղված են աստվածաշնչյան տասը պատվիրանները բովանդակող, միմյանց հարակցող զրույցներ։ Ձեռնարկելով կաթոլիկական միջավայրում ստեղծված երկի թարգմանությունը՝ Ստեփանոս Լեհացին ջանացել է ձերբազատվել կաթոլիկական միտումներից, արել է զրույցների խիստ ընտրություն չի ընդգրկել կաթոլիկ եկեղեցու հայտնի դեմքերին, հրաժարվել է տեղանուններից, թվականներից, կաթոլիկական բնույթը բացահայտող մեծաթիվ արտահայտություններից, կատարել բառափոխություններ։ Ստեփանոս Լեհացին տեղայնացրել է զրույցները՝ հասկանալի դարձնելով հայ ընթերցողին, պարզաբանել ոչ միայն իր վերաբերմունքը ժամանակի հուզող հարցերի նկատմամբ, այլև Հայ եկեղեցու դավանանքի դիրքորոշումը, հայերի կրոնական պատկերացումները, բարոյականության առանձնահատկությունները։ 17-րդ դար մշակութային զարթոնքի շրջանում «Հայելի Վարուց»-ի բարոյախրատական զրույցները համահունչ են եղել հայ մշակույթի, եկեղեցու առաջադեմ գործիչների գաղափարներին։

Հայելի վարուց

Արծարծված թեմաները խմբագրել

Զրույցներում ձաղկվել են աշխարհիկ իշխանավորների և հոգևորականության արատները, քանզի եկեղեցու սպասավորները միայն «զգեստիւք և ոչ վարուք, անուամբ և ոչ արդեամբք» էին կրոնավոր և ջանում էին «ժողովել զինչս և զստացուածս և փառս աշխարհիս՝ քան թէ, հոգալ վասն փրկութեան ժողովրդեան, և բարի օրինակ լինել հօտին իւրոյ»։ «Հայելի Վարուց»-ի ժողովրդականացմանը առավել նպաստել են վիպական հարուստ նյութերը՝ առակները, քրիստոնեական լեգենդները, հեքիաթները, պատմական զրույցները, զվարճախոսությունները, որոնք միջնադարյան արձակի գողտրիկ նմուշներ են («Յաղագս իմաստասիրութեան», «Յաղագս նախանձու», «Յաղագս կամապաշտութեան»)։ Հիշարժան են երևակայական-հեքիաթային սյուժեներով զրույցները դրանք, հարակցվելով նրա գաղափարական պահանջներին, պարուրվել են կրոնախրատական երանգով՝ չկորցնելով իրենց գեղարվեստական հմայքը։ Ժողովածուի զրույցների՝ հատկապես տեսիլքների ու հրաշապատումների ակունքը բանարվեստին հատուկ հեքիաթային-առասպելական, երևակայական-գերբնական տարրերն են՝ կերպափոխումներ, կախարդանք, տարերային աղետների առաջացում ևն։ Ժողովածուի զրույցները, նրա ամբողջական գլուխներ ներհյուսվել են առակագրքերին, քարոզգրքերին, վարքագրքերին երկերին, թափանցել բանավոր խոսքարվեստ, տեղայնացել, հաճախ ձուլվել հայ մատենագրությանը հնուց ի վեր հայտնի սյուժեներին, ընկալվել որպես սեփական արժեք։ Այս ամենի շնորհիվ հայկական տարբերակը նույնպես ընդգրկել է ընթերցողների լայն շրջանակ, բազմիցս ընդօրինակվել։ «Հայելի Վարուց» իր ուրույն հետքն է թողել ուշ միջնադարի գեղարվեստական գրականության արձակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: