Հայաստանի կենսաբազմազանության պահպանություն

Կենսաբազմազանության պահպանությունը բնական պաշարների պահպանության ամբողջությունն է։

Բնական Պաշարներ խմբագրել

Հայաստանի և Արցախի աշխարհագրական դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու՝ հարուստ բնաշխարհիկության և ագրոկենսաբազմազանության ձևավորմանը։ Մեր երկրի ոչ մեծ տարածքում աճում են շուրջ 3600 տեսակի անոթավոր բույսեր, ավելի քան 4700 տեսակի սնկեր, կան մոտ 540 տեսակի ողնաշարավոր կենդանիներ և մոտ 17000 տեսակի անողնաշար կենդանիներ։ Այստեղ ներկայացված են Կովկասի բոլոր հիմնական բնական էկոհամակարգերը՝ բացառությամբ խոնավ մերձարևադարձայինների։ Հայաստանի և Արցախի կենսաբազմազանությունը հարուստ է տնտեսապես արժեքավոր տեսակներով։ Բույսերի մոտ 2000 տեսակ ունի սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խիժատու, մի շարք կենդանիներ՝ մորթատու, մսատու և այլ օգտակար հատկություններ։

Մարդկային Գործոն խմբագրել

Կենսաբազմազանությունը Հայաստանում օգտագործել են տարերայնորեն՝ առանց հաշվի առնելու բուսական, և կենդանական, պաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Դրա հետևանքով աստիճանաբար դեգրադացվել և ոչնչացվել են որոշ տեսակներ, կենսաբազմազանությունն աղքատացել է, և ոչ ռացիոնալ օգտագործման պատճառով որոշ բնակմիջավայրեր (անտառներ, լեռնային արոտավայրեր և գերխոնավ տարածքներ) նույնպես դեգրադացել են, իսկ մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Վերջին հարյուրամյակում մարդու տնտեսական գործունեության հետևանքով Հայաստանի անտառների տարածքը կրճատվել է մոտ 2 անգամ, ընկել է անտառների արտադրողականությունը և պաշտպանունակությունը։ Անտառածածկ տարածքի ընդարձակման, էրոզացված լեռնալանջերի անտառբարելավման նպատակով Հայաստանում տնկվում են արհեստական անտառներ։

Հատուկ պահպանվող տարածքներ խմբագրել

Հատուկ պահպանվող տարածքներ են ազգային պարկերը,արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները։ Հանրապետությունում կան 4 ազգային պարկեր («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ», «Արևիկ»)՝ 274508.4 հա, 3 արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող», «Երերունի»)՝ 39.615 հա, 25 արգելավայր՝ 89.610 հա տարածքներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։