Հայաստանի երիտասարդների միություն

Հայաստանի երիտասարդների միություն: ռուս.՝ (Союз армянской молодежи) Խորհրդային Հայաստանը 1960-ական թթ. ԽՍՀՄ-ում ծագած այլախոհական շարժումների համատեքստում յուրահատուկ տեղ էր զբաղեցնում[1]։ Այս տարիներին երկրում ձևավորվել էր կազմակերպված այլախոհական շարժում, որոնք ոչ թե պայքար էին մղում Խորհրդային կարգերի դեմ, այլ բարձրացնում էին ազգային-հայրենասիրական հիմնահարցեր, ինչպիսիք էին՝ Եղեռնի օրը նշելը, Եղեռնի զոհերի հուշարձան ունենալը, Արցախի և Նախիջևանի վերադարձը, հայոց լեզվի անաղարտությունն ու պահպանումը։ Կազմակերպությունը չուներ հստակ մշակված կանոնադրություն և ծրագիր:Չնայած զանազան փորձեր են կատարել այդ ուղղությամբ, այնուամենայնիվ ծրագիր կազմելու և կանոնադրություն ունենալու ջանքերը ի չիք են եղել։ «Հայաստանի երիտասարդների միություն»-ը գործել է շուրջ չորս տարի՝ 1962-1966 թթ., և 1965 թ. կազմակերպության ջանքերով բազմահազարանոց ցույց է անցկացվել Երևանում՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի[2]։ Հետագայում կազմակերպության մեջ ընդգրկվածներից մեծ մասը դատապարտվել են, մյուսները՝ ենթարկվել զանազան հետապնդումների[3]։ 1965 թ. ապրիլի 24-ին ՀԵՄ-ի ջանքերով կազմակերպված այս զանգվածային ցույցերն ու հանրահավաքները փաստում էին այդ տարիների հասարակության մեջ ազգային գաղափարների առկայության մասին։ Բացի այդ ուշագրավ է, որ հանրապետության ղեկավարության ջանքերով ԽՍՀՄ ղեկավարությունը թույլատրել էր, հաշվի առնելով այդ օրվա խորհուրդը, հասարակական ներկայացուցիչների ժողով կազմակերպել Երևանի օպերայի և բալետի շենքում, բացի այդ կառուցել Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ինչպես նաև հոդված էր տպվել կենտրոնական մամուլում և այլն։ Ինքնին 1965 թ. ելույթը ԽՍՀՄ ողջ տարածքում քաղաքական պահանջ ներկայացնող առաջին զանգվածային ելույթն էր, որը ճնշվեց իրավապահ մարմինների միջոցով։ Ավելին՝ այդ ելույթների հետևանքով պաշտոնից զրկվեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յա. Զարոբյանը[4]։ Միության ակտիվ մասնակիցներն ու կազմակերպիչները 1963 թ. կալանավորված «Յոթ հայրենասերներն» էին։ Ձերբակալությունից հետո ժողովուրդը նրանց այդպես էին անվանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.aniarc.am/2017/09/04/vartan-harutyunyan-book-part-one/
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, էջ 10http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf/
  4. Ա. Մանուկյան։ Այլախոհական շարժումները Հայաստանում 1953-1988 թվականներին, Երևան, 2005, էջ 34
  5. Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, էջ 22 http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf/