Հայաստանի առողջապահության ֆինանսավորում

Առողջապահության ֆինանսավորումը «1996-2000 թվականների Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրին» համապատասխան՝ հանրապետության տարածքում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվել են ապակենտրոնացված ձևով՝ 10 մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ԱՆ-ի կողմից՝ իրենց ենթակայության բուժհաստատությունների մասով։ 1997 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Կառավարությանն առընթեր Պետական առողջապահության գործակալություն (ՊԱԳ)՝ մարզային և Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներով, որոնք տեղերում իրականացնում են հիվանդների շահերը պաշտպանելու և Հայաստանի պետական բյուջեով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գնումների գործառնություն։

Ապագայում ՊԱԳ-ի վրա է դրվելու նաև պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) իրականացումը։ Առողջապահության համակարգի ֆինանսավորման հիմքում դրված միավորը՝ հիվանդանոցային մահճակալ/օրվա գինը, 1997 թվականից փոխարինվել է բուժված հիվանդի համար ծախսված գումարի արժեքով, իսկ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝ հաճախումների գինը ըստ շնչի՝ տարվա համար տրամադրվող գումարով։ 1990 թվականի առողջապահության պետական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2,7 %-ը, որը, սակայն, հետագա տարիներին նվազել է։ 1998-2011 թվականներին առավելագույն ցուցանիշը կազմել է մոտ 1,7 % (2011

Առողջապահության բնագավառ ուղղվող ՀՆԱ-ի 2-%-անոց մասնահանումը բավարարում է համակարգի ֆինանսական պահանջմունքի միայն մոտ 30 %-ը ծածկելու համար, իսկ ծառայությունների վճարման մնացած մասը հատուցվում է բնակչության վճարումների հաշվին, որի հիմնական մասը գրեթե չունի սոցիալական պաշտպանվածություն, այդ թվում՝ ՊԲԱ։ 2006 թվականից Հայաստանի բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունն ամբողջ ծավալով ընդգրկվել է պետական պատվերում, սակայն բարձր ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները, ինչպես նաև մասնագիտացված ստոմատոլոգ, բուժօգնությունն անվճար են միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար։ Հիմնական ծառայությունների փաթեթում ընդգրկված սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցուցակն ու ներկայացվելիք փաստաթղթերը հաստատել է Հայաստանի Կառավարությունը։ 2009 թվականին կատարված հետազոտության համաձայն՝ պետական պատվերից օգտվել է այդ իրավունքն ունեցող բնակչության մոտ 49 %-ը, այդ թվում՝ ծայրահեղ աղքատների՝ 77 %-ը, աղքատների՝ 51 %-ը, ոչ աղքատների՝ մոտ 6%-ը։

2010-2011 թվականներին Երևանի 3 բուժհաստատությունում կիրառվել է փորձարարարական եղանակով բժշկական ծառայությունների ֆինանսավորման համավճարային տարբերակ։ Հստակեցվել են համավճարի չափը (պետական մասնակցության մասով սահմանվել է նոր հաշվարկված իրատեսական գների՝ 70 %-ի, բնակչության մասով՝ 30 %-ի չափով), համավճարից գոյացող միջոցների ծախսման ուղղությունները, մասնավորապես աշխատավարձերին ուղղվող ֆինանսական միջոցների չափը և բաշխման կարգը։ ՀԲ և ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի Կառավարության քննարկումների ժամանակ փորձարարական ծրագիրը գնահատվել է դրական՝ 30-90 %-ով ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը։ 2011 թվականից որոշվել է ծրագիրը կիրառել հանրապետության ողջ տարածքում՝ անհետաձգելի և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունների փոխհատուցման ժամանակ, որի համար մշակվել ու հաստատվել է նոր ծառայությունների գների խմբավորում և համավճարային մեխանիզմների կիրառման նոր կարգ։ Այն կնպաստի բուժաշխատողների աշխատանքի խթանմանը, մատուցվող ծառայությունների որակի և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև ոչ պաշտոնական վճարումների նվազեցմանը։ Աշխատանքներ են կատարվում մասնավոր կամավոր ապահովագրության ներդրման ուղղությամբ։ 2010 թվականին կատարվել են այդ ոլորտի առաջին քայլերը։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։