Հայաստանի վճռաբեկ դատարան, Հայաստանի բարձրագույն դատական ատյանը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը[1]։ Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով[1]։ Հայաստանում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում[2]։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան
Դատարանի շքամուտքը
Հիմնադրված է08.07.1998թ.
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան,
Իրավազորության աղբյուրՀայաստանի Սահմանադրություն
Կայքcassationcourt.am
Դատարանի նախագահ
ԸնթացիկԼիլիթ Զելիմի Թադևոսյան

Գործունեության նպատակներ խմբագրել

 
Վճռաբեկ դատարանի 10-ամյակին նվիրված հայկական հուշադրամի դարձերեսը, 2008

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման[2]։

Կառուցվածք խմբագրել

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատներից[2]։

Աշխատակազմ խմբագրել

Դատարանի նախագահ խմբագրել

Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները[2]։

Վճռաբեկ դատարանի նախագահը[2]՝

  1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
  2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
  3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
  4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
  5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
  8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
  9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ[2]։

Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով[2]։

Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների ծառայությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը[2]։

Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում են Քրեական պալատի, Քաղաքացիական պալատի, Վարչական պալատի, Հակակոռուպցիոն պալատի գրասենյակներ, որոնք ստանում են դատարանի համապատասխանաբար Քրեական, Քաղաքացիական, Վարչական, Հակակոռուպցիոն պալատներ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում են փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին, ստանում վերոնշյալ պալատներից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք և այլն[2]։

Վճռաբեկ դատարանի Ընդհանուր բաժինն իրականացնում է դատարանի նախագահին, ՀՀ դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը, ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին և այլն[2]։

Դատավորների ցանկ խմբագրել

ՀՀ Վճռաբեկ դատարանում ներկա պահին աշխատում են հետևյալ դատավորները[3].

  • Լիլիթ Զելիմի Թադևոսյան (նախագահ)
  • Համլետ Նորիկի Ասատրյան
  • Սերժիկ Սերգեյի Ավետիսյան
  • Արտակ Հակոբի Բարսեղյան
  • Հովսեփ Լևոնի Բեդևյան
  • Կարեն Ալբերտի Բիշարյան
  • Լիզա Ռաֆիկի Գրիգորյան
  • Գևորգ Վանիկի Գյոզալյան
  • Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան
  • Արթուր Ռազմիկի Դավթյան
  • Արման Ռազմիկի Թովմասյան
  • Արտակ Արտաշեսի Կրկյաշարյան
  • Գոռ Գագիկի Հակոբյան
  • Լիանա Օնիկի Հակոբյան
  • Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան
  • Սերգեյ Գուրգենի Մեղրյան
  • Քրիստինե Պատվականի Մկոյան
  • Արսեն Սամվելի Մկրտչյան
  • Սերգեյ Դմիտրիի Չիչոյան
  • Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան
  • Արթուր Վլադիմիրի Պողոսյան
  • Էդգար Ռազմիկի Սեդրակյան
  • Դավիթ Միքայելի Վեքիլյան
  • Սամվել Վլադիմիրի Օհանյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ՀՀ Սահմանադրություն, հոդված 92
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Վճռաբեկ դատարանը ՀՀ Դատական համակարգում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.