Համանունների բառարան, բառարանի տեսակ։ Բառացանկն ընդգրկում է համանունությամբ առնչվող բառերը, յուրաքանչյուր համանունի դիմաց կամ հաջորդական շարքով տրվում են համանունները։ Ե. Գևորգյանի «Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարանը» (Ե., 1978) ընդգրկում է 12000 համանուն (բառ, բառաձև, կայուն բառակապակցություն` դարձվածք): Բառամթերքը ներկայացված է երեք բաժնով` նույնանուններ, նույնագիրներ և նույնահունչներ։ Համանունության շարքի յուրաքանչյուր անդամ ներկայացվում է գլխաբառի դիրքով, համարակալումով, տրվում են բառաքերականական նշումներ (սերումը, խոսքիմասային պատկանելությունը, բառագործածության ոլորտը), ապա՝ բացատրությունը՝ երբեմն տեքստային վկայություններով, անհրաժեշտության դեպքում կողմնորոշում է տրվում գրության և արտասանության անհամապատասխանության վերաբերյալ։

Ռ. Ն. Շալունցի «Արդի հայերենի համանունների դպրոցական բառարանում» (Երևան, 1980) տրված են 20-րդ դարի կեսերից մինչ 80-ական թվականներն ընկած շրջանի գեղարվեստական գրականության մեջ և դպրոցական դասագրքերում հանդիպող համանունները։ Բառարանը նպատակ ունի «ճիշտ կողմնորոշել ընթերցողներին միևնույն արտասանություն և գրություն, բայց տարբեր իմաստ ունեցող բառերը գործածելիս»։ Բառարանը, պայմանավորված դպրոցական-ուսուցողական խնդիրներով, համեմատաբար քիչ բառեր է ընդգրկում։

ԱղբյուրներԽմբագրել

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։