Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ

(Վերահղված է ՀՀ վաստակավոր նկարիչից)

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թվականին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Վերասահմանվել է 2004 թվականի հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թվականի օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թվականներին Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում էր կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչներին և գեղարվեստական արհեստագործության վարպետներին՝ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու և իրենց գործունեությամբ արվեստի զարգացմանը նպաստելու համար։

Ներկայումս խմբագրել

2014 թվականի օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչներին և գեղարվեստական արհեստագործության վարպետներին՝ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Կոչման շնորհման միջնորդությունը խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թվականներին պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ներկայումս խմբագրել

2014 թվականի օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Շնորհագիր և կրծքանշան խմբագրել

2002-2014 թթ. խմբագրել

2002-2014 թվականներին կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։

«ՀՀ վաստակավոր նկարիչ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։

Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ ներկապնակ՝ 2 խաչաձևված վրձնով՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր նկարիչ» գրությամբ։

Ներկայումս խմբագրել

2014 թվականի օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ՝ 2 խաչաձևված վրձնով ներկապնակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ» գրությամբ[3]։

Կոչման շնորհման վիճակագրությունը խմբագրել

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թվականի ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 35 անձի։

Կոչում ստացած 35 անձանցից 31-ը տղամարդ են, 4-ը՝ կին։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008 թվական - 3,
  • 2009 թվական - 3,
  • 2010 թվական - 4,
  • 2011 թվական - 7,
  • 2012 թվական - 4,
  • 2013 թվական - 6,
  • 2014 թվական - 3,
  • 2015 թվական - 5 անձի։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչներ խմբագրել

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել