ՀՀ ավանդների երաշխավորման համակարգ

ՀՀ ավանդների երաշխավորման համակարգ, համակարգ, որի միջոցով երաշխավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերում ներդրված ավանդները։

Հայաստանի Հանրապետությունում Ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է 2003 թվականին։ Ավանդների երաշխավորման համակարգը երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովող կարևորագույն բաղադրիչներից է։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից 2005 թվականին որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ[1]։

Բանկային ավանդի սահմանում

խմբագրել

Ըստ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկային ավանդ է համարվում. ա) ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վերադարձման և (կամ) վճարման ավանդատուին. բ) ավանդատուի բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները. գ) բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները. դ) «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները։ Երաշխավորված ավանդ է համարվում նաև ավանդատուի կողմից բանկում ներդրված արտարժութային բանկային ավանդը[2]։

Հիմնադրամ

խմբագրել

Ավանդների երաշխավորումն ապահովում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից[3]։

Հատուցման միջոցների ձևավորում

խմբագրել

Հիմնադրամի միջոցներն են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքային վճարների գումարները, դրանց կառավարումից ստացված եկամուտները, Հիմնադրամի հատուցած և բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարները, այլ եկամուտներն ու միջոցները[4]։

Ավանդների երաշխավորվող սահմանաչափ

խմբագրել

Ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի ավանդները և բանկային հաշիվները բանկում ներդնելու պահից համարվում են երաշխավորված, և ավանդատուի կողմից որևէ գործողություն կամ լրացուցիչ ծախս չի պահանջվում[5]։

Ավանդները երաշխավորվում են հետևյալ չափով․

  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն դրամ է,
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն դրամ է,
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16 մլն դրամով,
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով[6]։

Անդամակցող բանկեր

խմբագրել

ՀՀ ավանդների երաշխավորման համակարգին անդամակցում են Հայաստանի տարածքում գործող բոլոր 18 բանկերը[5][7][8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ». adgf.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
  2. ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք, ընդունված 24.11.2004թ, հոդված 2». www.arlis.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
  3. «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 25-ին.
  4. ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք, ընդունված 24.11.2004թ, հոդված 20».
  5. 5,0 5,1 Բալոյան, Էլինա (01․07․2018). «Արդյոք անվտանգ է բանկում ավանդ ներդնելը». ABCfinance. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին». www.arlis.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
  7. «ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ․ Անդամակցող բանկեր». adgf.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  8. «Ավանդների երաշխավորման համակարգում ներկայումս ընդգրկված են Հայաստանում գործող բոլոր 21 բանկերը». armenpress.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.