ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն
ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն, գիտահետազոտական կենտրոն Երևանում։ Sտեղծվել է 1989 թվականին' ՀՀ Կառավարության որոշմամբ (մինչև 1993 թվականը՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտին կից)։ 1999 թվականից անդամակցում է ՌԴ էկոլոգիական ակադեմիային։
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն | |
---|---|
![]() | |
Հիմնադրված է | 1989 |
Տիպ | Գիտահետազոտական ինստիտուտ |
Նախագահ | Արմեն Սաղաթելյան |
Դոկտորներ | 3 |
Դասախոսներ | 42 գիտական աշխատողներ |
Հասցե | Աբովյան փողոց 68, 0025, Երևան, Հայաստան |
Կայք | www.cens.am |
Պատմություն
խմբագրել«Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 1989 թվականին, իսկ 1993 թվականից անցել է ինքնուրույն հաշվեկշռի՝ որպես առաջատար գիտահետազոտական կազմակերպություն, որը կատարում է կիրառական և հիմնարար հետազոտություններ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում[1]։
Խնդիրներ և գործունեության ոլորտներ
խմբագրելԷկոկենտրոնի կառուցվածքն իր մեջ ընդգրկում է պրոբլեմային կողմնորոշված բաժիններ, լաբորատորիաներ և գիտական խմբեր, որոնք իրականացնում են հետազոտություններ հետևյալ բնագավառներում՝
- շրջակա միջավայրի երկրաքիմիա
- կենսաերկրաքիմիական ցիկլեր
- կենսամոնիթորինգ
- կենսաէներգետիկա, կերային ռեսուրսներ
- լանդշաֆտների և բնական ռեսուրսների գնահատում և քարտեզագրում՝ կիրառելով ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաները
- համակարգչային տեխնոլոգիաներ և տվյալների բազաներ՝ բնության պահպանության բնագավառում
- սննդային շղթաների ռիսկի գնահատում[2]
Հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատումը, էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքների մշակումը և բնական պաշարների կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացումը։ Ունի շրջակա միջավայրի երկրաքիմիայի, կենսաերկրաքիմիայի, ճառագայթաէկոլոգիայի, կենսաէներգետիկայի, երկրաախտածին գոտիների, թեմատիկ քարտեզագրման և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, Կապանի մետաղաձուլության լաբորատորիաներ, կենսամոնիտորինգի գիտական խումբ։
էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնում բնական կլանիչների (սորբենտներ) հիման վրա մշակվել են հողերի թունազերծման և ծծանցման արգելակման նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև էկոլոգիապես անվտանգ, դանդաղ գործող պարարտանյութ՝ Նոյեմբերյանի ցեոլիթի հիմքի վրա։ Գնահատվել է բնական էկոհամակարգերի կենսաէներգետիկ ներուժը և էրոզացված կերահանդակների վերականգնման նպատակով ընտրվել բարձր էներգիայով օժտված, էկոլոգիապես անվտանգ կերաբույսեր։ Մշակվել են մթնոլորտի աղտոտվածության բաշխման մոդելավորման, էկոերկրաքիմիական քարտեզագրման, հանքավայրերի կանխագուշակման երկրաքիմիական մեթոդների համակարգչային ծրագրեր։
2003 թվականից էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը մասնակցում է «Հարավային Կովկասի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) երկրների համար կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման առաջնային տարածքների ընտրություն՝ տվյալների հենքի կազմում, երկրատեղեկատվական համակարգի մշակում և նախագծային փաստաթղթերի պատրաստում» ծրագրի աշխատանքներին։
Գիտակրթական գործունեություն
խմբագրել2010 թվականին Էկոկենտրոնում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնօգտագործում և բնապահպանություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի ամբիոնը։ 2011 թվականին հիմնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունք, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն