Կոնցեսիոն կառավարում, միջազգային պրակտիկայում կոնցեսիա հասկացությունը մեկնաբանվում է որպես մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման ձև, որի ժամանակ օբյեկտների կառուցման և շահագործման ընթացքում մասնավոր ընկերություններին են փոխանցվում օբյեկտի տնօրինման և օգտագործման իրավունքները։ Ըստ էության կոնցեսիոն կառավարման էությունը կայանում է հետևյալում՝ պետությունը (կամ պետական այլ իրավասու մարմին) փոխհատուցման և ժամկետային սկզբունքի հիման վրա մասնավոր ընկերությանը (այսուհետև՝ պայմանագրի կառավարիչ) պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներում տնտեսական գործունեություն ծավալելու բացառիկ իրավունք է տրամադրում։

Կոնցեսիոն կառավարումը ենթադրում է՝ ներդրումների վերադարձ, համապատասխան որակի ծառայության կամ արտադրանքի թողարկում, պետության կողմից արտադրանքի կամ ծառայության գների սահմանում և կարգավորում, պայմանագրի կառավարչին պետական կամ մունիցիպալ սեփականություն հանդիսացող օբյեկտում գործունեություն ծավալելու իրավասության տրամադրում, կոնցեսիայի ժամկետը լրանալուց հետո կառավարման օբյեկտի անհատույց փոխանցում պետությանը։ Պատմականորեն կոնցեսիայի իմաստը և իրավական կարգավիճակը աստիճանաբար զարգացան և վարչական ակտի տեսակից վերածվեց քաղաքացիաիրավական պայմանագրի։

Միջազգային պրակտիկայում տարածում են ստացել կոնցեսիոն համաձայնագրերի հետևյալ տեսակները՝

BOT (Build—Operate—Transfer) – «Կառուցում-Կառավարում-Փոխանցում»։ խմբագրել

Կոնցեսիոն կառավարիչը իրականացնում է կոնցեսիոն կառավարման օբյեկտի կառուցումը և շահագործումը, իսկ կոնցեսիոն համաձայնագրի ժանկետի ավարտից հետո այն փոխանցում է պետությանը։

BTO (Build—Transfer—Operate) – «Կառուցում-Փոխանցում-Կառավարում»։ խմբագրել

Կոնցեսիոն կառավարիչը կառուցում է կոնցեսիոն կառավարման օբյեկտը և այն փոխանցում պետությանը, որից հետո պետությունը այն նույն կոնցեսիոն կառավարչին հանձնում է շահագործման։

ВОО (Build—Own—Operate) – «Կառուցում-Տիրապետում-Կառավարում»։ խմբագրել

Կոնցեսիոն կառավարիչը կառուցում է կոնցեսիոն կառավարման օբյեկտը և իրականացնում դրա հետագա շահագործումը, քանի որ սեփականության իրավունքով դրա տիրապետումը պատկանում է իրեն, որի ժամկետը չի սահմանափակվում։

ВООТ (Build—Own—Operate—Transfer) – «Կառուցում-Տիրապետում-Կառավարում-Փոխանցում»։ խմբագրել

Կառավարման օբյեկտի տիրապետման և օգտագործման համար սահմանված է որոշակի ժամկետ, որի լրանալուն պես օբյեկտը փոխանցվում է պետությանը։

BBO (Buy—Build—Operate) – «Գնում-Կառուցում-Կառավարում»։ խմբագրել

Հանրային սեփականության վաճառքի ձև է, որը ենթադրում է առկա օբյեկտի վերականգնում և ընդլայնում։ Պետությունը հանրային սեփականությունը վաճառում է մասնավոր ընկերության, որը արդյունավետ կառավարման նպատակով պետք է իրականացնի անհրաժեշտ նորացում և կատարելագործում։

Կոնցեսիոն համաձայնագրի մասնակիցներն են՝

  1. ընդունող երկիրը,
  2. պայմանագրի կառավարիչը,
  3. ներդրողները,
  4. վարկատուները,
  5. կապալառուները,
  6. խորհրդատուները,
  7. օպերատոր-ընկերությունները,
  8. սպառողները։

Հղումներ