Կոնտակտներ, կիսահաղորդիչ (հետերոանցումներ) հպման մակերևույթների տեսքով։ Աշխատանքի սկզբունքը հիմնված է երկու պինդ մարմինների հպման հետևանքով դրանց միջև լիցքակիրների (էլեկտրոնների) առկայությամբ պայմանավորված պոտենցիալների կոնտակտային տարբերության առաջացման վրա։ Պինդ մարմինների հպման ժամանակ դրանց միջև առաջանում է էլեկտրոնների փոխանակում, մեկ մարմնից մյուսն անցնող էլեկտրոնների թիվը կախված է էլեկտրոնների ելքի աշխատանքից։ Էլեկտրոնների փոխանակումը շարունակվում է մինչև թերմոդինամիկական հավասարակշռություն հաստատվելը, որին, ըստ Ֆերմի-Դիրակի վիճակագրության, համապատասխանում է երկու պինդ մարմիններում Ֆերմիի մակարդակների (էլեկտրոնային գազի համար քիմիական պոտենցիալների մակարդակների) հավասարությունը։ Ֆերմիի մակարդակների համապատասխան արժեքների դեպքում էլեկտրոնների փոխանակման հետևանքով երկու պինդ մարմինների հպման տեղում առաջանում է կրկնակի էլեկտրական շերտ, որում էլեկտրոնների թիվը տարբերվում է կոնտակտից հեռու տիրույթներում էլեկտրոնների թվից։

Կախված պինդ մարմինների ֆիզիկական հատկությունները բնութագրող պարամետրերից (ելքի աշխատանք, մակերևութային էլեկտրոնային վիճակների խտություն, լիցքակիրների խտություն և այլն) երկու պինդ մարմինների հպման տեղում կարող են առաջանալ կամ կիսահաղորդչային սարքի օգտակար հատկությունները որոշող ակտիվ տիրույթներ, կամ էլեկտրական հոսանքը կիսահաղորդչային սարքին մատուցող պասսիվ տիրույթներ։ Առաջին դեպքում կոնտակտներ օժտված են ուղղիչ հատկությամբ, երկրորդ դեպքում՝ ոչ։ Առավել տարածված ակտիվ կոնտակտներ են մետաղ-կիսահաղորդիչ կոնտակտները։ Դրանց հիման վրա ստեղծվել են ուղղիչ դետեկտորներ, հեղեղաթռիչքային և Շոտքիի արգելքով այլ դիողներ, միջուկային ճառագայթման դետեկտորներ, տենզոզգայուն դիոդներ, արևային մարտկոցներ և այլն։ Կիսահաղորդչային սարքերում հատուկ դեպք են ներկայացնում մետաղ-դիէլեկտրիկ-կիսահաղորդիչ տիպի բազմաշերտ կոնտակտները, որոնցում մակերևութային դաշտային էֆեկտը օգտագործվում է պինդ մարմնում ուժեղացուցիչների ստեղծման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 582