Կոդ, պայմանանշանների համակարգ՝ ինֆորմացիայի պահպանման, հաղորդման և վերամշակման համար։

Կոդ

Ինֆորմացիայի պայմանանշանների բազմությունը կոչվում է այբուբեն, նրա տարրերը՝ տառեր, տառերի քանակը՝ կոդի հիմք։ Տառերի վերջավոր հաջորդականությունը կոչվում է բառ։ Պայմանանշանների այբուբենի բառերի բազմությունը կոչվում է կոդ (երբեմն այբբենական կոդ), եթե այդ բազմությունը փոխմիարժեք համապատասխանության մեջ է դրված ինֆորմացիայի տարրերի բազմության հետ։ Բառի տառերի քանակը կոչվում է բառի երկարություն։ Կոդավորման հիմնական խնդիրներից է այնպիսի կոդի կառուցումը, որի բառերի միջին երկարությունը լինի հնարավորինս նվազագույն։

Կոդը կոչվում է լրիվ, եթե առանց նրա զանազանելիությունը խախտելու հնարավոր չէ ավելացնել ոչ մի նոր բառ։ Կոդերը հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ սովորական և աղմկակայուն։ Սովորական կոդերն օգտագործվում են աղմուկների բացակայության դեպքում և լինում են հավասարաչափ (բոլոր բառերի երկարությունները նույնն են) և անհավասարաչափ (բառերի երկարությունները տարբեր են)։ Անհավասարաչափ կոդերից առանձնակի նշանակություն ունեն վերծանելի կոդերը, որոնք ունեն այն հատկությունը, որ ինչպիսի հաջորդականությամբ էլ օգտագործվեն կոդի բառերը, միշտ հնարավոր է միարժեք կերպով վերականգնել դրանք։

Վերծանելի կոդերից ամենակարևորն են ոչ նախածանցային կոդերը, որոնց բառերի ոչ մեկը մյուսի նախածանցը չէ։ Ինֆորմացիան բնական պայմաններում հաղորդելիս միշտ աղմուկներ են լինում, որոնք հաճախ աղավաղում են կոդը։ Այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի կոդեր, որոնք հնարավորություն ընձեռնեն որոշ աղմուկների առաջացրած աղավաղումների դեպքում վերականգնելկոդավորված ինֆորմացիան։ Այդպիսի կոդի ստեղծման հնարավորությունը առաջինը տեսականորեն ապացուցել է ամերիկացի գիտնական Կ. Շենոնը, իսկ այդպիսի կոդ երկուական համակարգում կառուցել է Ռ. Հեմինգը։ Հեմինգի կոդը հնարավորություն է տալիս վերականգնել ինֆորմացիան այն դեպքում, երբ աղմուկները փոխում են կոդի մեկից ոչ ավելի տառ։ Այժմ գոյություն ունեն բազմաթիվ աղմկակայուն կոդեր, որոնք նախատեսված են տարբեր տեսակի աղմուկների առկայության դեպքում ինֆորմացիա կոդավորելու համար։ Աղմկակայուն կոդերի կառուցմանհիմնական խնդիրն է՝ ապահովել տրված աղմուկների նկատմամբ կայունություն և ամենակարճ միջին երկարություն։

Աղմկակայուն կոդերի մի մասը, որը նախատեսված է թվաբանական գործողությունների կատարման ընթացքում առաջացած աղմուկների դեմ պայքարելու համար և հիմնականում օգտագործվում է արդի հաշվողական մեքենաներում, կոչվում է թվաբանական կոդ։ Գործնականում կոդի ընտրությունը կատարվում է ինֆորմացիայի մշակման, պահպանման և հաղորդման պայմաններից ելնելով և առանձնապես հաշվի է առնվում կապի անցուղու արդյունավետ օգտագործման հարցը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 503