Կլինիկական իմունաբանությունը և ալերգաբանությունը Հայաստանում

Կլինիկական իմունաբանության և ալերգաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1990 թվականին ԵՊԲՀ-ում Ս. Ղամբարովի ղեկավարությամբ մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության ամբիոնի հիմնադրմամբ։ Սկզբնական շրջանում դասընթացը նախատեսվել է բուժական և մանկաբուժական ֆակուլտետների ուսանողների համար։ Ս. Ղամբարովը կազմակերպել է նոր գիտական լաբորատորիա։ 1996 թվականին դասընթացի հիմքի վրա ստեղծվել է ամբիոն, և կլինիկական իմունաբանությունն ու ալերգաբանությունը դարձել են պարտադիր ուսուցման առարկաներ նաև ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղաբանական ֆակուլտետներում։

Ամբիոնում ուսումնասիրվում են նորմայում և զանազան ախտահարումների ժամանակ իմունածնության կարգավորիչ մեխանիզմները, մարդու լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգերը, նյարդաներզատական-իմունային փոխազդեցությունները, ինչպես նաև հակաբորբոքային պատասխանի դերը համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշով հիվանդությունների զարգացման և ընթացքի ժամանակ։ Պարզվել է, որ նյարդաներզատական և իմուն համակարգերի փոխազդեցությունը պայմանավորում է օրգանիզմի կարևորագույն ֆունկցիաների և նրա հարմարվողական հնարավորությունների ճկուն կարգավորումը։ Ամբիոնում առաջին անգամ հայտնաբերվել է հեմորֆինևերի դերը, նյարդաներզատական և իմունային փոխազդեցություններում և ապացուցվել, որ հեմորֆինները իմուն համակարգում Ca2+ կալմոդուլին կախյալ ուղիները մոդուլացնում են նույն մեխանիզմներով, ինչ ուղեղում։

Հայտնաբերել են նաև նյարդաներզատական իմունային փոխազդեցությունների խանգարումները տարբեր ախտաբանությունների ժամանակ և վիրաբուժական միջամտություններից հետո։ Արդիական բժշկության հրատապ խնդիրներից մեկի՝ լիմֆոցիտների ակտիվացման և գործունեության համար կարևոր իոնափոխադրիչ համակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ախտաբանական շարժընթացների ժամանակ լիմֆոցիտների ֆունկցիայի խանգարումները մեծ մասամբ պայմանավորված են Ca2+, H+, K+ և Na+ իոնների փոխադրման խանգարմամբ։ Առաջին անգամ ուռուցքային աճի ժամանակ և վիրահատական միջամտություններից հետո հայտնաբերվել է Ca2+, H+, K+ և Na* իոնների համակցված հոսքի խանգարում, ինչպես նաև Ca2* կախյալ և Ca2+ անկախ K+/H+ փոխանակում։ Ամբիոնի աշխատանքների արդյունքում պարզվել է նաև երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ), ենթաստամոքսյին գեղձի սուր բորբոքման ընթացքի և ելքի մեջ հակաբորբոքային իմունային պատասխանի դերը։ Կլինիկական իմունաբանությունն ընդգրկում է նաև դասական ալերգաբանությունը, որի հիմնադիրը Հայաստանում Վ. Ակունցն է։

Ամբիոնի հիմնական հենակետը Ալերգաբանության ու կլինիկական իմունաբանության հանրապետական կենտրոնն է Համալսարան համար 1 կլինիկայում, որը մասնագիտական օգնություն է ցույց տալիս նաև ՀՀ տարբեր բժշկական կենտրոնների։ Կլինիկայում ալերգիաներով հիվանդների բուժմանը զուգընթաց կատարվում է նաև բրոնխային հեղձուկի ուսուցողական ծրագիր, որն զգալիորեն բարձրացնում է հիվանդության ընթացքի հսկողության արդյունավետությունը։ Հետազոտվում և բուժվում են իմուն համակարգի այլ խանգարումներով տառապող հիվանդներ, որոնց բուժման մեջ մեծ տեղ է տրվում իմունահակ դեղամիջոցներին։ Հիվանդների տվյալ համակազմին համապատասխան՝ կատարվում են իմունականխարգելում, իմունաբուժություն և իմունավերականգնում։ Վերջին տարիներին, ըստ ցուցումների, կիրառվում են բուժման ցիտոկինային և հակացիտոկինային եղանակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։