Կարծրախտ, սկլերոզ, մարդու և կենդանիների որևէ օրգանի կամ հյուսվածքի շարակցահյուսվածքային կարծրացում։ Կարծրախտի ժամանակ օրգանի պարենքիմայի ֆունկցիոնալ արժեքավոր տարրերը ոչնչանում են և փոխարինվում շարակցական հյուսվածքով, երբեմն՝ ամիլոիդի, հիալինի, կրիկուտակումով։ Նորաստեղծ շարակցական հյուսվածքը սովորաբար առաջանում է շարակցահյուսվածքային բջիջների՝ ֆիբրոբլաստների բազմացման ճանապարհով և կոլազենի մոլեկուլի արագ առաջացումով։ Կարծրախտը կարող է լինել տարածուն և օջախային։ Տարածուն կարծրախտի դեպքում լինում է ամբողջ օրգանի զգալի կարծրացում, որի մակերեսը հաճախ մնում է հարթ, օջախայինի դեպքում՝ հատիկավոր, իսկ երբեմն էլ թմբիկավոր (այստեղից էլ՝ «հատիկավոր երիկամ», «թմբիկավոր լյարդ» անվանումները)։ Հատիկավորությունը և թմբիկավորությունը պայմանավորված են մի կողմից կարծրախտի ոչ հավասար զարգացումով, մյուս կողմից կարծրացող օրգանի պարենքիմայի մնացորդների կոմպենսատոր գերաճի և հիպերպլազիայի երևույթներով։ Կարծրախտ ոչ սակավ ուղեկցվում է միայն տվյալ օրգանի փոքրացումով և կարծրացումով։ Օրգանի մակերեսը մնում է սովորական, հարթ։

Կարծրախտ
Տեսակառողջական խնդիր

Ախտանշաններ խմբագրել

Կարծրախտի առաջացմանը նպաստում են քրոնիկական բորբոքային հիվանդությունները (սիֆիլիս, ռևմատիզմ, տուբերկուլոզ, ակտինոմիկոզ, քրոնիկական թարախակալումներ)։ Բորբոքումների հետևանքով առաջացած կարծրախտը ըստ էության չի տարբերվում հյուսվածքի սպիացման պրոցեսներից։ Կարծրախտի առաջացումը կարող է պայմանավորվել նաև արյան շրջանառության խանգարումներով (երակային կանգ) և օրգանի պարենքիմայի ետաճման պրոցեսներով (ետաճման հասակային գործոններ, որ լինում են գլխավորապես ծերության շրջանում, ետծննդյան փոփոխություններ արգանդի անոթներում, փոփոխություններ ձվարանների դեղին մարմինների տեղերում)։ Նյարդային համակարգում կարծրախտ առաջանում է գլխավորապես, իսկ երբեմն էլ բացառապես, գլիոզ տարրերի գերաճման հաշվին։ Տարածուն կարծրախտի դեպքում օրգանները քիչ թե շատ չափով կորցնում են իրենց ֆիզիոլոգիական հատկությունները։ Կարծրախտի հետևանքով կարող են առաջանալ օրգանների ձևափոխություն (թամբաձև քիթ, բլթավոր լյարդ), ախտաբանական պրկում, անոթների լուսանցքի նեղացում, կնճռոտում և ախտաբանական այլ փոփոխություններ։ Տես նաև աթերոսկչերոզ, կարդիոսկրելոզ, պնևմոսկլերոզ՝ թոքերի կարծրացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 326