Ռադիոակտիվ թափոնների կառավարում խմբագրել

Ռադիոակտիվ թափոնը բնորոշվում է որպես ռադիոակտիվ նյութ, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և ենթակա է կենսոլորտից մեկուսացման: Ռադիոակտիվ թափոնները դասակարգվում են ըստ ծագման, ագրեգատային վիճակի, ակտիվության, ճառագայթման տեսակի և թափոններում առկա ռադիոակտիվ իզոտոպների կիսատրոհման պարբերության:

Ըստ ծագման թափոնները դասվում են.

  • Միջուկային թափոններ, որոնք առաջանում են միջուկային տեղակայանքների (միջուկային ռեակտոր, միջուկային վառելիքի պահեստարան, ատոմային կայան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության օբյեկտ) շահագործման և շահագործումից հանման ժամանակ.
  • Ինստիտուցիոնալ (մունիցիպալ) թափոններ, որոնք առաջանում են ռադիոակտիվ իզոտոպների արտադրության և կիրառության ժամանակ (օրինակ՝ բժշկության, արդյունաբերության, գիտահետազոտական և այլ բնագավառներում).
  • Բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութեր պարունակող թափոններ, որոնք առաջանում են հանքարդյունահանման և հանքամշակման ժամանակ:

Ըստ ագրեգատային վիճակի ռադիոակտիվ թափոնները բաժանվում են պինդ, հեղուկ և գազային թափոնների:
Ըստ տեսակարար ակտիվության պինդ ռադիոակտիվ թափոնները բաժանվում են. շատ ցածր ակտիվությամբ, ցածր ակտիվությամբ, միջին ակտիվությամբ և բարձր ակտիվությամբ թափոններ:
Ըստ ճառագայթման տեսակի ռադիոակտիվ թափոնները բաժանվում են ալֆա (α), բետա (β) և գամմա (γ) ճառագայթող թափոններ:
Ըստ թափոններում առկա ռադիոակտիվ իզոտոպների կիսատրոհման պարբերության թափոնները դասակարգվում են շատ կարճ ապրող, կարճ ապրող և երկար ապրող թափոնների:

Ռադիոակտիվ թափոնների կառավարման հիմնարար սկզբունքները [1]
Ռադիոակտիվ թափոնները պետք է կառավարվեն այնպես, որ.

  • չհասցվի վնաս մարդկանց առողջությանը,
  • չհասցվի վնաս շրջակա միջավայրին, ներառյալ բնական ռեսուրսներին,
  • հաշվի առնվեն հարակից պետությունների բնակչության և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ թափոների վնասակար ազդեցության հնարավոր հետևանքները,
  • ռադիոակտիվ թափոնների կանխատեսելի ազդեցությունն ապագա սերունդների վրա առնվազն չգերազանցի ներկա սերնդի վրա այդ ազդեցության ընդունելի մակարդակները,
  • ապագա սերունդների վրա չդրվի չարդարացված բեռ,
  • ռադիոակտիվ թափոնների կառավարումը կարգավորող իրավական համակարգը պետք է նախատեսի ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում իրավասությունների ու պարտականությունների հստակ տարանջատում և ապահովի անկախ կարգավորման գործառույթների իրականացում,
  • ռադիոակտիվ թափոնների առաջացումն ըստ ակտիվության և ծավալի պետք է պահվի գործնականորեն հասանելի նվազագույն մակարդակի վրա,
  • պետք է հաշվի առնվի ռադիոակտիվ թափոնների առաջացման և դրանց կառավարման փուլերի փոխկապակցվածությունը,
  • ռադիոակտիվ թափոնների կառավարման տեղակայանքների անվտանգությունը պատշաճ մակարդակով պետք է ապահովվի նրանց կենսական ցիկլի բոլոր փուլերում:

Ռադիոակտիվ թափոնների կառավարման փուլերը և յուրաքանչյուր փուլը ներառող աշխատանքները համառոտ ներկայացված են [2] գրաֆիկում

Հեղուկ ռադիոակտիվ թափոնների կառավարումը գրաֆիկորեն կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.[3]
Հեղուկ թափոնների մշակումը հիմնականում նպատակաուղղված է բաժանելու այն երկու մասի՝

  • ռադիոակտիվ իզոտոպների բարձր պարունակությամբ խտանյութ (փոքր մաս)
  • հեղուկ, որի աղտոտվածության մակարդակը թույլ է տալիս արտանետել շրջակա միջավայր կամ կրկնակի օգտագործել (մեծ մաս)

Պինդ ռադիոակտիվ թափոնների կառավարումը գրաֆիկորեն ներկայացված է [4]

Օգտագործումից դուրս եկած ռադիոիզոտոպային աղբյուրների կառավարումը գրաֆիկորեն ներկայացված է [5]

Բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութեր պարունակող թափոնների կառավարում

Բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութեր պարունակող թափոններ են անվանում ռադիոակտիվ թափոն հայտարարված.

  • բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութերը (NORM - Naturally Occurring Radioactive Material), որոնք բացի բնական ռադիոակտիվ իզոտոպներից չեն պարունակում նշանակալի քանակությամբ այլ ռադիոակտիվ իզոտոպներ («զգալի քանակություն»-ը սահմանվում է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտը կարգավորող մարմնի կողմից),
  • տեխնոլոգիապես հարստացված բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութերը (TENORM - Technologically Enhanced Naturally Occurring Radioactive Material), որոնցում բնական ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունները ենթարկվել են փոփոխության անթրոպոգեն գործունեության արդյունքում:

Բնական ծագմամբ ռադիոակտիվ իզոտոպներ հասկացությունը սովորաբար օգտագործվում է K-40, U-235, 238, Th-232 (U-236-ի տրոհման արդյունք), դրանց տրոհման արդյունքների դեպքում և տրիտիում և C-14 /բնական ակտիվացման գործընթացներից առաջացող իզոտոպների վերաբերյալ: Հանքարդյունաբերությունը (հազվագյուտ տարրերի, ցինկի, կապարի, ածխի, ալյումինի, ցիրկոնիումի) ընդհանուր առմամբ տարեկան առաջացնում է 104-106 տոննա բնական ծագմամբ ռադիոակտիվ նյութեր պարունակող թափոններ: Նմանատիպ ռադիոակտիվ թափոնների կառավարումը տարբերվում է այլ ծագմամբ ռադիոակտիվ թափոնների կառավարման բնորոշ մոտեցումից` այն է խտացում և մեկուսացում: Այս թափոնների վերամշակումը ներառում է տարբեր գործընթացների միջոցով կույտերի կայունացումը, որը նպատակաուղղված է թափոնների պահման և թաղման անվտանգության մեծացմանը: Քանի որ հնարավոր չէ տեղափոխել այսպիսի մեծ քանակությամբ նյութերը, բնական ծագմամբ ռադիոակտիվ թափոնները նպատակահարմար է թաղել առաջացման վայրում կամ հաշվի առնելով երկար ապրող ռադիոակտիվ իզոտոպների առկայությունը նմանատիպ թափոններում, որպես թաղման այլընտրանք՝անժամկետ վերահսկողություն:

Ռադիոակտիվ թափոնների պահում և թաղում

Պահումը դա ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր (կարճաժամկետ կամ երկարաժամկետ) ամփոփումն է դրանց մեկուսացումը ապահովող տեղակայանքում` ռադիոակտիվ թափոնների պահեստարանում` հետագա դուրս բերման մտադրությամբ: Մինչդեռ թաղումը դա ռադիոակտիվ թափոնների տեղադրումն է համապատասխան գերեզմանոցում (մակերևույթային, մերձմակերեսային, խորը երկրաբանական ֆորմացիաներում կառուցված), առանց դուրսբերման մտադրության:
Ռադիոակտիվ թափոնների դասակարգման կիրառությունը թաղման տարբերակի ընտրության ժամանակ գրաֆիկորեն ներկայացված է [6]

  1. IAEA Safety Series No. 111-F
  2. Ռադիոակտիվ թափոնների կառավարման փուլերը
  3. Հեղուկ ռադիոակտիվ թափոնների կառավարման սխեմա
  4. Պինդ ռադիոակտիվ թափոնների կառավարման սխեմա
  5. Օգտագործումից դուրս եկած ռադիոիզոտոպային աղբյուրների կառավարումը
  6. թաղման տարբերակի ընտրություն

«Թափոններ» կատեգորիայի հոդվածները

Ստորև բերված է այս կատեգորիայի 3 էջ՝ 3-ից։