Կազմակերպության մշակույթ

Կազմակերպության մշակույթԽմբագրել

Կազմակերպության մշակույթի ըմբռնումը ներառում է ինչպես մարդկանց համատեղ գործունեության առարկայական միջավայրը, այնպես էլ նրանց փոխհարաբերությունների որակը, այսինքն՝ թե նյութական կուլտուրայի (աշխատանքի և հաղորդակցության միջոցներ, կահավորանք, շինանյութեր, դիզայն, արտահագուստ), թե հոգևոր կուլտուրայի տարրերը։ Վերջինս տվյալ կազմակերպության աշխատողների համար ընդհանուր, նրանց կողմից անվերապահորեն ընդունվող, արժեքների, համոզմունքների, բարոյական նորմերի, ընդհանուր պատկերացումների ու զգացումների, վարվելակերպի չափանմուշների, չգրված կանոնների ու համաձայնությունների, ավանդույթների, սովորույթների, խորհրդանիշների ամբողջությունն է"[1]:

Կազմակերպության մշակույթի բաղադրատարրերըԽմբագրել

ԱրժեքներԽմբագրել

Մարդկանց համար կենսականորեն նշանակալի երևույթներն ու առարկաներն են։ Լինում են 3 տեսակի` արժեք- նպատակ, արժեք-միջոց և արժեք- պայման։ Արժեքների ընդհանրությունը մարդկանց միավորող ամենահզոր գործոններից մեկն է։

ԱվանդույթներԽմբագրել

Կազմակերպությունում վարվելակերպի և գործելակերպի կայունացած առանձնահատկությունները, արմատավորված սովորույթները, կազմակերպության մասին զանազան պատմություններն են, որ փոխանցվում են սերնդեսերունդ՝ կազմելով տվյալ կազմակերպության յուրատեսակ «առասպելաբանական» հիմքը։

ԽորհրդանիշներԽմբագրել

Դրանք կազմակերպության անդամների համար ընդհանուր իմաստ ունեցող, իրենց մեջ որոշակի խորհուրդ բովանդակող, տվյալ կազմակերպության առավել նշանակալից արժեքները մարմնավորող առարկաները, երևույթները, պատմությունները, վարվելակերպի ձևերն են։ Մարդիկ նույնպես կարող են խորհրդանիշ լինել` որպես տվյալ կազմակերպության շրջանակներում ընդօրինակելի վարք դրսևորողներ։

ԱրարողակարգերԽմբագրել

Զանազան միջոցառումների, հանդիսությունների, հանդիպումների, ընդունելությունների անցկացման եղանակները, որոնցում դրսևորվում և ամրագրվում են կազմակերպության գերակա արժեքները։

ԿարգախոսներԽմբագրել

Դրանք հակիրճ ու տպավորիչ ձևակերպումներ են, որոնք ամփոփում են կազմակերպության նպատակները, հիմնական արժեքները, դրված սկզբունքները։ Շատ կազմակերպություններում դրանք ընդունվում են պատվերների, յուրատեսակ «հավատո հանգանակի» տեսք, փակցվում ամենատեսանելի տեղերում, օգտագործվում գովազդային նպատակներով։

Կազմակերպության կուլտուրան կազմակերպությունն ամբողջացնող գործոն է, քանի որ, կուլտուրայի բաղադրիչներն ինքնին համակարգային բնույթ ունեն և ընդգրկում են կազմակերպության բոլոր օղակները[2]։

Կազմակերպության կուլտուրայի գործառույթներըԽմբագրել

Միավորիչ ամբողջականացնող (ինտեգրացիոն)Խմբագրել

Մշակույթն առհասարակ օժտված է միավորելու հատկանիշով, միևնույն հանրույթին (ազգ, խումբ, ընտանիք, կազմակերպություն) պատկանողներն իրենց ընդհանրությունը գիտակցում են ամենից առաջ մշակութային արժեքների միասնության շնորհիվ։ Կազմակերպության մշակույթը նույնպես ամբողջացնում – միավորում է համատեղ գործունեությամբ զբաղվող անձանց։

ՃանաչողականԽմբագրել

Առկա արժեքների ու վարվելակերպի նորմերի միջոցով ճանաչելի են դառնում տվյալ կազմակերպությունը, դրա մշակութային յուրահատկությունները, հոգևոր կյանքի առանձնահատկությունները, բարոյականության մակարդակը, համախմբվածության աստիճանը։ Դա հնարավորություն է տալիս, թե արտաքուստ գնահատել կազմակերպության անկրկնելիությունը, թե ներքուստ, իրենց իսկ՝ աշխատակիցների կողմից ճանաչել ու ըստ արժանվույն գնահատել իրենց կառավարման ու ինքնակառավարման վիճակը։

Հաղորդակցական (կոմունիկացիոն)Խմբագրել

Մշակութային ընդհանրությունը դյուրացնում է ինչպես ուղղաձիգ, այնպես էլ հորիզոնական միջանձնային ու գործարար հաղորդակցումը։ Տվյալ կազմակերպությանը բնորոշ արժեքները, խորհրդանիշները, վարվելակերպի նորմերը, դիմելաձևերը, լեզվական այլ կաղապարները օգնում են համատեղ աշխատողներին միմյանց մասին հավաստի պատկերացում կազմել, ճշգրտել տեղեկատվության ոճը, ծավալը և մատուցման եղանակները, հետադարձ կապը և ալն։

Կարգավորիչ-մոտիվացիոնԽմբագրել

Որպես վարքագծի նորմերի ամբողջություն կազմակերպության կուլտուրան կարգավորում է աշխատակիցների վարքը գնահատում ըստ կայունացած չափանմուշների, դրվատանքի կամ պարսավանքի ենթարկում դրանց գործողությունները, դրանով իսկ նրանց մղում որոշակի արարքների կամ արգելում որոշ արարքներ։ Ընդ որում՝ կառավարման կուլտուրայի այդ կարգավորիչ գործառույթի ընդգրկումն ավելի մեծ է, քան զուտ իրավական նորմերով իրականացվող կարգավորումը, չգրառված, չձևայնացած կանոնները, ինչպես հայտնի է, ավելի հզոր կարգավորիչ ներգործություն են ունենում մարդկանց վարքուբարքի վրա։

ՏնտեսականԽմբագրել

Մշակույթի կառավարումը արդյունավետ աշխատանքի կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Բարգավաճող ձեռնարկությունները ձախողակներից տարբերվում են ավելի բարենպաստ բարոյական մթնոլորտով, առաջնորդման առավել պատշաճ ոճով, աշխատակազմի ավելի մեծ համախմբվածությամբ՝ ընդհանուր արժեքների, պատկերացումների ավանդույթների շուրջ։ Աշխատանքի հանդեպ ավելի բարեխիղճ վերաբերմունքը, կազմակերպության կառավարման մեջ համամասնության զգացումը, համատեղ հաջողություններով հպարտությունը, փոխադարձ օգնության ու վստահության հարաբերությունները չեն կարող չապահովել ավելի մեծ շահավետություն։

ԳովազդայինԽմբագրել

Սեփական բարի համբավի մասին հոգացող կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում կուլտուրայի զարգացմանը, քանի որ, հանրության մեջ այս կամ այն կազմակերպության, տնտեսվարող սուբյեկտի կերպարը (իմիջ) պայմանավորված է նաև դրանց ներքին կուլտուրայի մասին տարածված պատկերացումներով։ Բարձր, առաջադեմ կուլտուրան ամեն մի կազմակերպության գովազդի, ինքնամատուցման կարևոր ձևերից մեկն է։ Յուրատեսակ այցեքարտ է, որով կազմակերպությունը մի կողմից ներկայանում է սպառողներին ու ամբողջ հանրությանը, մյուս կողմից իր իսկ աշխատակիցներին։

ԺառանգորդմանԽմբագրել

Կազմակերպությունը վերարտադրվում – գործառում – ամրապնդվում է ոչ միայն վարչակազմակերպական կարգավորվածությամբ, ֆինանսական ապահովվածությամբ և տեխնոլոգիական նորամուծություններով, այլ մշակութային ամբողջականությամբ։ Տարբեր սերունդների ներկայացուցիչները միավորվում են ստեղծվում, ամրապնդվում, կուտակվում ու փոխանցվում հերթափոխվող աշխատակազմին։

Հարմարման (ադապտացիոն)Խմբագրել

Նոր անդամն ըմբռնում է իրեն ներկայացվող նոր իրողությունը, վարքագծի չափանմուշները, միջավայրի մշակութային մյուս առանձնահատկությունները, և այդ ընբռնման շնորհիվ է ամենից առաջ, որ մեղմանում են նոր կազմակերպության սոցիալ–հոգեբանական ու մասնագիտական հարմարման գործընթացները։

Վերականգնողական (ռեակտիվ)Խմբագրել

Կազմակերպության միջավայրը կարող է բարենպաստ լինել առօրյա աշխատանքային լարվածության լիցքաթափման։ Սթրեսի դեմ պայքարի, աշխատակիցների ուժերի վերականգնման համար։

Կուլտուրան ձևավորվում է մարդկանց համատեղ գործունեության ընթացքում։ Կառավարել կազմակերպության կուլտուրան, չի նշանակում սոսկ գործադրել իրավական լծակներ, սահմանել ձևայնացված կանոնակարգ և վերահսկողության վարչական եղանակները։

Կազմակերպության կուլտուրան ամեն մի կազմակերպությանը բնորոշ ներքին միջավայրի կարևորագույն բաղադրիչն է՝ հոգևոր ու նյութական ներդաշնակության մեջ։

Գրականության մեջ հանդիպում է կազմակերպության մշակույթ (կուլտուրա) երևույթի մի քանի տասնյակ սահմանում։ Տարբեր գիտաճյուղերի շրջանակներում ուսումնասիրվում են նյութական կուլտուրան, հոգևոր կուլտուրան, աշխատանքի կուլտուրան, սպասարկման կուլտուրան, հաղորդակցման կուլտուրան և այլն։ Որպես կազմակերպության կուլտուրա հասկացության հոմանիշ գործածվում են նաև կառավարման կուլտուրա, կորպորատիվ կուլտուրա, ձեռնարկության կուլտուրա և նույնաբնույթ այլ հասկացություններ։

ԱղբյուրներԽմբագրել

1. http://www.businessdictionary.com/definition/organizational-culture.html Archived 2019-08-28 at the Wayback Machine.

2. Schein, Edgar (1992). Organizational Culture and Leadership: A Dynamic View. San Francisco, CA: Jossey-Bass. p. 9.

ԳրականությունԽմբագրել

  • Диалог организационных культур в создании общеевропейского пространства высшего образования: Реализация принципов Болонского процесса в международных образовательных программах с участием России / С. В. Луков (руководитель), Б. Н. Гайдин, В. А. Гневашева, К. Н. Кислицын, Э. К. Погорский; Моск. гуманит. ун-т, Ин-т фундамент. и приклад. исследований; Междунар. акад. наук, Отд. гуманит. наук Рус. секции. — Москва, 2010. — 260 с. — 100 экз. — ISBN 978-5-98079-651-8
  • Крылов А. Н. Корпоративная идентичность для менеджеров и маркетологов. М.: Издательство Икар, 2-е изд. 2004. (ISBN 5-7974-0084-7)
  • Шейн Э. Х. Организационная культура и лидерство. — СПб.: Питер, 2002.

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Business Dictionary. Organizational culture.[1] Archived 2019-08-28 at the Wayback Machine. Accessed June 22, 2015
  2. Schein Edgar (1992)։ Organizational Culture and Leadership: A Dynamic View։ San Francisco, CA: Jossey-Bass։ էջեր 9