Խորանաշատի գրչության դպրոց

Խորանաշատի գրչության դպրոց, հիմնվել է XIII դարի սկզբներին, Տավուշի գավառի համանուն վանքում (այժմ՝ Շամշադինի շրջանի Չինարի գյուղի վերին մասում), Վանական Վարդապետի ջանքերով, որը և դարձել է նրա րաբունապետը։ Վանականին աշակերտել են նշանավոր պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիան, Ստեփանոս Աղթամարցին և ուրիշներ, որոնք գալիս էին «առ նա ուսման աղագաւ ոչ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա և շարժումն անգիր օրէնք էին տեսողացն» (Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց», 1961, էջ 218)։

Ավետարան, գրիչ՝ Մելքիսեթ, Խորանաշատի վանք, 1477 թվական

Վանականի որոշ երկեր («Մեկնութիւն Ցոբայ», «Հարցմունք Վանական Վարդապետին երկու աղալն ի մի երկան», «Յաղագս տարեւմտին...», թաթարների մասին մի գիրք, որ մեզ չի հասել և այլ գործեր) որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար։ Վանականից հետո դպրոցը գլխավորել են նրա ազգականներ Գրիգորիս և Պողոս վարդապետները։ Խորանաշատի գրչության դպրոցից մեզ քիչ բան է հասել։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մի ժողովածու՝ գրված 1223 թ.-ին (գրիչ՝ Ստեփանոս Աղթամարցի, ձեռ. № 2101), Նարեկ՝ 1283 թ.-ին (գրիչ՝ Մարտիրոս, ձեռ. № 1563), Ավետարան՝ ԺԵ դար (ձեռ. № 5601), Ժամագիրք՝ 1672-ին (ձեռ. № 8882), Մաշտոց՝ 1674 թ.-ին (գրիչ՝ Ավետիս, ձեռ. № 3536)։

Գրականություն խմբագրել

  • Ոսկյան Հ., Հովհաննես Վանական և յուր դպրոցը, Վեն., 1922
  • Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1946
  • Մովսիսյան Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X—XV դդ.) Ե., 1958
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 86