Խոստեկ ծառանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Խոստեկ
Տեսակ Խոստեկ ծառանման
Լատիներեն անվանում
Caragana arborescens Lam


Խոստեկ ծառանման (լատին․՝ Caragana arborescens Lam), բակլազգիների ընտանիքի, խոստեկ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է, 2-5 մ (երբեմն` 7 մ) բարձրությամբ, բնի և բազմամյա ճյուղերի վրա հարթ, կանաչամոխրավուն, անջատվող կեղևով։ Ընձյուղները և երիտասարդ ճյուղերը կանաչ են, գորշականաչ կամ մոխրականաչ, բարակ, ճկուն, մեծ մասամբ պառկած մազմզուկապատ։ Տերևները կազմված են 4-7 (երբեմն` 8) տերևիկներից և ունեն մինչև 10 սմ երկարություն, հակառակ ձվաձև են, երկարավուն, էլիպսաձև, 0,8-3,5 սմ երկարությամբ և 0,5-1,3 սմ լայնությամբ, երկու կողմից էլ կլորավուն, երբեմն` լայն սեպաձև հիմքով, գագաթին փշիկով, բաց կանաչավուն, նոր բացված ժամանակ ծածկված են մետաքսանման աղվամազով, իսկ հետո գրեթե մերկանում են։ Տերևի առանցքը բարակ է, փողրակավոր` 7-9 սմ երկարությամբ, մեծ մասամբ շուտ թափվող մազմզուկներով պատված։ Տերևակիցները փշանման են, մինչև 1 սմ երկարությամբ, սրածայր, հետագայում կոշտացող։ Ծաղիկները միայնակ են, երբեմն` զույգերով, կամ 2-5- ական`հավաքված փնջերում։ Բաժակը զանգականման է, մազմզուկապատ, լայն և կարճ ատամներով։ Պսակը դեղին է` մինչև 2 սմ երկարությամբ։ Սերմնարանը մերկ է կամ ծածկված մետաքսանման, հպված մազմզուկներով։ Ունդերը գծագլանաձև են, 3,5-6,5 սմ երկարությամբ, պարունակում են 5-8 երկարավուն, երիկամաձև, բաց դեղնավուն սերմեր։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արևմտյան Սիբիրում, Արևելյան Ղազախստանում, Մոնղոլիայում։ Աճում է անտառային գոտում, գետահովիտներում, անտառաեզրերում, բացատներում, ձորերի լանջերին, քարքարոտ, թեք լանջերում։ Տափաստանային գոտում հանդիպում է չոր, անբերրի վայրերում, ժայռուտներում և քարքարոտ լանջերում։

Կիրառություն խմբագրել

Ունի դեկորատիվ և տնտեսական բավական մեծ նշանակություն։ Լայնորեն օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։ Բնային մացառներ տալու շնորհիվ օգտագործվում է թեք լանջերում մացառուտներ առաջացնելու համար։ Հայաստանում մշակվում է ամենուրեք, ստորինից մինչև բարձր լեռնային գոտիներում։ Բնափայտը օգտագործում են մանր խառատային իրեր և փայտյա մասեր պատրաստելու համար։ Կեղևը և նուրբ ճյուղերը օգտագործում են զամբյուղներ հյուսելու համար։ Մեղրատու է։ Մեկ ծաղիկը տալիս է 1-4 մգ նեկտար, որը պարունակում է 18% շաքար։ 1 հա տնկարկից մեկ սեզոնում ստանում են 350 կգ մեղր։ Սերմերը պարունակում են 12-15 % շուտ չորացող յուղեր, հրաշալի կեր են թռչունների համար։ Տերևները պարունակում են կապույտ գույնի ներկանյութեր։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով (լացող, թզուկ), տերևների սկզբնական գույնով (բացվելիս՝ ոսկեդեղին) և այլ հատկանիշներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 63։