Խոջաբեկ
Խոջաբեկ, հայաբնակ գյուղ Վրաստանի Բոգդանովկայի շրջանում։ Արևմուտքից սահմանակից է Բոգդանովկա ավանին, որից բաժանվում է Ագրիչայ գետով (սկիզբ է առնում Խանչալի լճից)։
Խոջաբեկ գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հարավ-արևելք Խանչալի լճի արևելյան ափից 2 կմ հեռու։ Գյուղը հյուսիս արևմուտքից կից է Նինոծմինդա շրջկենտրոնին։ Գյուղի միջով ձգվում է Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղին։ Վերջինս գյուղը բաժանում է 2 թաղամասերի, որոնցից աջակողմյանը Ս. Սարգիս եկեղեցու շուրջը տարածված հին թաղն է։ Ներկիայիս բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից 1830 թվականին՝ Կարին նահանգի Ձիթող, Քոշկ և Էրզրումից։ 1840-ական թվականներին Խոջաբեկ գյուղում կառուցվել է Սբ. Սարգիս եկեղեցին։ Սրբատաշ քարով, արևմտյան ճակատից բացված միակ մուտքով։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման։ Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Արմաշ քահանա Պողոսյանը։ Գյուղում մինչ օրս պահպանվել է ջրաղացը։ Վերջինս սկսել է գործել գյուղի ձևավորման օրվանից ՝1960 թվականից։ Բնակիչներն առաջին հերթին կառուցել են ջրաղացը, որը հացահատիկային մշակաբույսերի հիմնական վերամշակման միջոցն է հանդիսացել։ Հին ջրաղացը գտնվում էր Խոջաբեկ գյուղի վերջնամասում՝ Ղաուրմա գյուղի հարևանությամբ։ Ջրաղացի քանդվելուց հետո գյուղի բնակիչները հին ջրաղացի քարերով կառուցել են նոր ջրաղաց՝ Խոջաբեկ գյուղի Ագրիչայ գետի վրա։ Ջրաղացի կառուցման գործում իրենց մասնակցությունն են ցուցաբերել Մեսրոպ Սահակյանը, Շմավոն, Լևոն և Սոս Ղարսլյանները։ 1963-1993 թվականներին գյուղի աշխատանքը կանգնեցվել է ՝ հանգեցնելով նրան, որ ջրաղացը քանդվել է։ 1993 թվականին Նինոծմինդայի բնակիչ Արամ Մոսոյանը սեփական ջանքերով վերանորոգել է ջրաղացը։ Խոջաբեկում առ այսօր պահպանված են կիկլոպյան շարվածքով հնագույն բերդի ավերակները։ Պահպանված ավերակները գտնվում են գյուղից 2,5 կմ արևմուտք հեռավորությամբ՝ Խանչալնի լճի հյուսիս-արևելյան ափամերձ մի բլրակի վրա։ Բլրակից ցած առ այսօր կանգուն է ՂԱԼԱՉԱ անվամբ հայտնի միջնադարյան գյուղատեղի ավերակները։ Պահպանված է նաև եկեղեցու և գերեզմանատան մնացորդներ։ 1985 թվականին տեղի հայերը եկեղեցու հիմքերի վրա մատուռ են կառուցել։ Մատուռի ներսում ագոցված է Ժ-ԺԱ դարերին բնորոշող խաչքար, որը ունի պարզ ոճավորում։ Մատուռի առջևի մասում կանգնեցված են 2 խոյաձև տապանաքարեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 74)։ |