Խոշորաբլոկային կոնստրուկցիաներ

Խոշորաբլոկային կոնստրուկցիաներ, բնական կամ արհեստական մեծածավալ քարերից պատրաստված հավաքովի կոնստրուկցիաներ։ Օգտագործվում են բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր ու շինություններ կառուցելիս։

Խոշորաբլոկային կոնստրուկցիաներ օգտագործվել են դեռևս Հին Եգիպտոսում, Ուրարտուում և այլուր։ Խոշորաբլոկային կոնստրուկցիաների օրինակ են Գառնիի հեթանոսական տաճարի խոշորաբլոկային բազալտե քարերից կառուցված պատերը։ Բնական թեթև քարերից, բետոնից, ինչպես նաև հավաքովի աղյուսից ու քարից ստացվող բլոկներն սկզբում մեծ չափեր չունեին (պատերի կտրվածքն ստացվում էր բազմաշարք)։ Հետագայում բլոկների չափերը մեծացվեցին, և պատի բազմաշարք կտրվածքից անցան եռաշարք, ապա՝ երկշարք կտրվածքի։ Սեյսմիկ շրջաններում խոշորաբլոկային պատերի կարանները միաձուլվում են թույլ թանձրության շաղախով կամ բետոնով և ամրանավորվում, որն ապահովում է կառույցի սեյսմիկությունը։ Բլոկների խոշորացումը հանգեցրեց միջնորմային բարավորային և ենթապատուհանային տարրերի միացման։ Գործարանային պայմաններում դրանց միաձուլումը որպես պատի ամբողջական կոնստրուկցիա, հանգեցրեց խոշորապանելային կոնստրուկցիաների ստեղծման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 73