Խողովակագլոցման հաստոն, խողովակագլոցման ագրեգատ, գլոցման հաստոնների և այլ մեքենաների համակարգ, որն իրականացնում է մետաղե անկար խողովակների արտադրության ողջ տեխնոլոգիական ցիկլը։

Խողովակագլոցման հաստոնի կատարած հիմնական գործողություններն են՝

  • նախապատրաստուկի տաքացում
  • անցքահատում, ստացված պարկուճի գլոցում երկարացնող հաստոնով
  • տրամաչափում
  • ուղղում
  • եզրերի կտրում
  • պատրաստի արտադրանքի որակի վերահսկում։

Այս գործողությունները կատարող մեքենաները միմյանց հետ կապված են փոխադրող մեխանիզմներով, որոնք ապահովում են արտադրության լրիվ ավտոմատացումն ու հոսքայնությունը։

Խողովակագլոցման հաստոնի չափերը որոշվում են գլոցվող խողովակների ամենամեծ տրամագծով, իսկ տիպը՝ երկարացնող հաստոնի կառուցվածքով։

Տարբերում են հետևյալ խողովակագլոցման հաստոնները՝

  • անընդհատ
  • ավտոմատ
  • եռագլան
  • պիլիգրիմային երկարացնող

Առաջին տիպի խողովակագլոցման հաստոնները ամենաարտադրողականներն են և լայն կիրառություն ունեն մինչև 110 մմ տրամագծով խողովակների գլոցման համար։ Ավտոմատ երկարացնող հաստոնով խողովակագլոցման հաստոնները այլ կերպ կոչվում են նաև Շտրիֆելի ագրեգատ (ստեղծողի անունով)։ Սրանք օգտագործվում են 60 - 450 մմ և ավելի տրամագծով խողովակների արտադրության համար։ Եռագլան երկարացնող հաստոնով խողովակագլոցման հաստոններն օգտագործվում են 35 - 200 մմ տրամագծով հաստ պատերով խողովակների մշակման համար։ Պիլիգրիմային հաստոնով խողովակագլոցման հաստոնն օգտագործվում է մեծ տրամագծով (մինչև 400 - 700 մմ) անկար խողովակների արտադրության համար։ Բացի կլոր հատվածքով խողովակներից, կարելի է ստանալ քառակուսի, վեցանիստ, աստիճանավոր և այլ պրոֆիլի խողովակներ։ Խողովակագլոցման հաստոնների տարեկան միջին արտադրողականությունը 140 000 - 180 000 տ է։ Անընդհատ երկարացնող հաստոնով խողովակագլոցման հաստոնն ունի ռեկորդային արտադրողականություն՝ տարեկան 400 000 - 600 000 տ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 69