Խնձորենու սև քաղցկեղ, տարածված է ամենուրեք, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում։

Նկարագրություն խմբագրել

Առավել տարածված ձևը բնի և կմախքային ճյուղերի կեղևի վնասվածությունն է։ Կարող են վարակվել նաև տերևները, ծաղիկներն ու պտուղները։ Խնձորենու բնի կեղևի վրա առաջանում են խիտ, ներս ընկած գորշամանուշակագույն բծեր։ Հետագայում բնի վարակված կեղևը մգանում է, ընդունում է ածխացած տեսք։ Մահացած կեղևը չի սևանում, այլ ծածկվում է բազմաթիվ երկայնակի ու լայնակի ճեղքերով, իսկ հետագայում անջատվում է մանր կտորներով։ Տերևների վրա արտահայտվում է դարչնագույն բծերի ձևով, որոնք սկզբում մանր են (2-4 մմ), կարմրադարչնագույն, այնուհետև ժամանակի ընթացքում՝ մեծանում են (4-6 մմ) և խիստ ընդգծվում։ Բծի կենտրոնական մասն աստիճանաբար ստանում է բաց գույն, դառնում մոխրագորշավուն։ Վարակված տերևները չորանում են և ժամանակից շուտ թափվում։ Ուժեղ վարակվածության դեպքում պտուղների հասունանալուց 1,5-2 ամիս առաջ տերևները կարող են թափվել։ Պտուղների վրա առաջացնում է սև փտում, որը սկսվում է ոչ մեծ, մուգ գորշավուն բծի ձևով (մաշկի տակ), ապա դանդաղորեն մեծանում։ Հետագայում բծի վրա նկատվում են օղակաձև սև կետիկներ` սնկի պիկնիդիաներ։ Լրիվ գորշանալով՝ պտուղը մգանում, կնճռոտվում է՝ վերածվելով մումիայի։ Ի տարբերություն պտղափտման, սև քաղցկեղի մումիան ինտենսիվ սև է կամ դարչնագույն և հարթ չէ, այլ անհարթ, ծածկված բազմաթիվ թմբիկներով։ Պայքարի միջոցառումները. ճիշտ ագրոտեխնիկայի կիրառում։ Նախազգուշացում. միջոցառումները սկսում են պատվաստակալի ընտրությունից։ Կարևոր են էտի ու ձևավորման ժամանակին և ճիշտ կատարումը։

Բուժումը խմբագրել

Բուժումն իրականացվում է 2 եղանակով` գարնանը, երբ ջերմաստիճանը (+15o C ) նպաստաոր է հիվանդության զարգացման համար.

1․ Վարակված կեղևի մաքրում 2-3 սմ առողջ մասի հետ։ Վերքի մաքրում, ապա մշակում մածուկով։ Լավ արդյունք է տալիս նաև վերքի մշակում 70% նիգրոլ և 30% փայտի մոխիր պարունակող քսուկով։

2. Վերքերի մշակում՝ պղնձարջասպի 1%-անոց կամ երկաթի սուլֆիդի 3%-անոց լուծույթով։ Ծառերի բների սպիտակեցում՝ կրակաթի 20%-անոց կախույթով (10 լ ջրին 2 կգ չհանգած կիր + 1 բահ թարմ գոմաղբ կամ կավ):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։