Խարբերդի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախմբին։ Գրական հայերենի ձայնավորներից բացի ունի ա, ու, օ քմայիններ (վերջին երկուսը միայն փոխառյալ բառերում)։ Գրաբարի ձայնավորները Խարբերդի բարբառում համարյա փոփոխություն չեն կրել։ Երկբարբառները պարզեցվել են՝ այ>ա, ոյ>օ, իւ>ի (հայր>հար, քոյր> քօր, ալիւր>ալիր)։ Բառասկզբի ձայնեղ պայթականներին համապատասխանում են խուլեր, խուլերին՝ ձայնեղներ (բերան>պէրան, տուն>դուն)։ Բառամիջում՝ հ>յ (սահման>սայման)։ Տն հնչյունակապակցության դիմաց առկա է նն, տր-ի և եր-ի դիմաց՝ յր (գտնել>կըննէլ, կոտրել>գօյրէլ, ծանր>ձայր)։ Բառասկզբում սպ, ստ հնչյունակապակցությունների ս ընկել է (սպանել>բաննէլ, ստեպղին>դէղբինդ)։

Խարբերդի բարբառի հոգնակիակերտներն են՝ էր, նէր, վի/վընի/վըներ, աոան։ Գոյականը հանդես է գալիս չորս հոլովաձևով՝ ուղղական-հայցական, սեռական-տրական, բացառական, գործիական։ Բացառականի թեքույթներն են՝ էն, մէն, մընէ, գործիականինը՝ օվ, մօվ։ Կան ի, ու, օչ, վա, ան, ց, ա, օ և, հոգնակի թվում, ու հոլովումները։ Առատ է ցուցական դերանուններով՝ աս, ասի, ըս, սը, սըվի, սըվիլ։ Բայը հանդես է գալիս երեք լծորդությամբ՝ է, ի, ա, որոնք իբրև խոնարհիչներ պահպանվում են խոնարհման համակարգում։ Դերբայներն են՝ անորոշ (էլ, իլ, ալ), վաղակատար (էր, ար), հարակատար (ած), ենթակայական (օղ), ժխտման (էր, իր, ար), ընթացակցական (էն)։ Բայը խոնարհվում է երեք եղանակով՝ սահմանական, ըղձական, հրամայական։ Ներկա ժամանակում կը նախադաս է։ Ապառնի ժամանակը կազմվում է դը, դի (<պիտի) մասնիկով։ Կը-ով և դը-ով ձևերը բազմիմաստ են։ Առաջինն արտահայտում է նաև բուն ապառնիի և պայմանական եղանակի ժամանակների, երկրորդը՝ հարկադրական եղանակի իմաստներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 39