Խաղողագիտություն, ուվոլոգիա (լատին․՝ uva – խաղող և հուն․՝ logos – խոսք, ուսմունք), գիտություն խաղողի ողկույզի և պտուղների կառուցվածքային բաղադրամասերի և նրանց հատկությունների (որպես սննդի արդյունաբերության հումքի) մասին։ «Խաղողագործություն» եզրույթը և խաղողի սորտերի խաղողագիտության նկարագրության մեթոդիկան առաջարկել է ռուս գիտնական Ն. Ն. Պրոստոսերդովը։

Նկարագրություն

խմբագրել

Խաղողագիտւթյան հիմնական դրույթի էությունն այն է, որ խաղողի տեխնոլոգիական հատկությունները որոշվում են բնական պայմաններով, սորտերի առանձնահատկություններով և նրանց աճեցման եղանակներով։ Ողկույզի մեխանիկական կազմի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հաստատել ողկույզի, նրա կմախքի զանգվածի, իսկ պտուղների համար՝ պտղամաշկի, պտղամսի, սերմերի և հյութի հարաբերակցությունը։ Պտուղների մեխանիկական հատկությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշել պտղակոթին նրանց կպման ամրությունը և ճզմման հանդեպ դիմադրությունը։ Խաղողագիտւթյունն ուսումնասիրում է նաև խաղողի պտուղների քիմիական կազմը, նրանց հասունացման շարժը և տալիս է սորտի օրգանոլեպտիկ գնահատականը։ Խաղողագիտությանը լրացնում է խաղողագրությունը։ Խաղողագիտության տվյալների հիման վրա սննդի արդյունաբերությունը մշակում է խաղողի սորտին համապատասխան վերամշակման տեխնոլոգիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։