Լութֆի Լևոն Հալեպլյան
Լութֆի Լևոն Հարությունի Հալեպլյան (նաև՝ Հալապլյան, Հալեպյան, 1882 (1884), Այնթապ, Այնթապի գավառ, Հալեպի նահանգ - 1915, Մուշ), հայ վիրաբույժ, ՀՅԴ անդամ։
Ծնվել է | ֆորմատը սխալ է |
---|---|
Ծննդավայր | Այնթապ, Այնթապի գավառ, Հալեպի նահանգ |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Մուշ |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Այլ անուններ | Սըր Թապիպ Լութֆի |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Մեզեի զինվորական հիվանդանոց |
Պաշտոն | բժշկապետ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1882 (1884) թվականին Հալեպի նահանգի Այնթապի գավառի Այնթապի գավառակի Այնթապ քաղաքում՝ հայ ավետարանական Հարություն և Լուսիա Հալեպլյանների ընտանիքում։ Ընտանիքում եղել են երկու զավակ, որոնք ավարտել են քոլեջ ու համալսարան։ Լութֆին ավարտել է Այնթապի առևտրականների նախակրթարանը։ 1902 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի կենտրոնական Թուրքիայի քոլեջը և ստացել պսակավոր արվեստից վկայական։ 1907 (1909) թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։
1907 թվականին վերադարձել է Այնթապ և ծնողներին կարճատև այցելելուց հետո մեկնել է Մելիտինե (Մալաթիա) և աշխատել որպես բժիշկ։ Լավ տիրապետելով թուրքերենին` շահել է նաև թրքուհի հիվանդների համակրանքը։
1911 թվականին գերմանական վաճառականական մի ընկերության խնդրանքով մեկնել է Գերմանիա և Բեռլինի հիվանդանոցներում հմտացել վիրաբուժության մեջ, պատրաստվել վերադառնալ և որպես վիրաբույժ աշխատել Կարինում բացվելիք գերմանական հիվանդանոցում։ 1913 թվականին վերադարձել է Այնթապ և շարունակել զբաղվել բժշկությամբ։ Եղել է ՀՅԴ անդամ։
Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուց հետո` 1914 թվականի ամռանը, զորակոչվել է օսմանյան բանակ և, ուղարկվելով Երզնկայի շրջան, նշանակվել Քեոփրյուքեոյի մոտակայքում բացված Մեզեի զինվորական հիվանդանոցի բժշկապետ։
1915 թվականի սկզբներին, նախազգալով հայերին սպառնացող մոտալուտ վտանգը, իրեն կոչել է Սըր Թապիպ Լութֆի։ 1915 թվականին ձերբակալվել է, բանտարկվել ու աքսորվել։
1915 թվականի հուլիսի սկզբներին Կարինից Երզնկա ընկած ճանապարհին՝ Բաբերդ չհասած՝ Մուշի Քոբ (Կոպ) լեռան ստորոտին 32-րդ զորաբաժնի սպա Մեհմեդ Ալիի հրամանով, իրեն ընկերակցող թուրք սպայի և թուրք զինվորների ձեռքով եղերական և բարբարոս ձևով սպանվել է բժիշկ Հովհաննես Թերզյանի հետ միասին։
Եղել է ամուրի։ Քույրը և փեսան՝ տեր և տիկին Լ. Լևոնյանները, տարագրության գողգոթայից վերապրելով, բնակություն են հաստատել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Ուոթըրթաուն քաղաքում։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940),
Իսթանպուլ, 1940։
- Սաարաֆեան Գ., Պատմութիւն Անթէպի հայոց, հ. Բ., Լոս Անճելըս, 1953։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965),պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Քէստենեան Հ., Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 0111-2012։