Լուսաչափ, ֆոտոմետր, լուսաչափական կամ լուսային մեծություն չափելու սարք։ Տարբեր տիպի լուսաչափերով չափում են ճառագայթման աղբյուրի պայծառությունը, լուսավորվածությունը, լույսի ուժը, լուսային հոսքը։ Ճառագայթման աղբյուրի գույնը չափող սարքը՝ գունաչափը, նույնպես համարվում է լուսաչափ։

Ֆոտոմետր

Տիպերը խմբագրել

Լինում են երկու հիմնական տիպի լուսաչափեր՝ վիզուալ և օբյեկտիվ (կամ ֆիզիկական)։

Վիզուալ լուսաչափ խմբագրել

Վիզուալ լուսաչափերում որպես ընդունիչ օգտագործվում է աչքը, այսինքն՝ համեմատման երկու տիրույթների պայծառությունների հավասարեցումը կատարվում է աչքով։ Այսպիսի լուսաչափն աչքի հոգնելու և չափողի անհատական սխալների պատճառով մեծ ճշգրտություն ապահովել չի կարող։

Օբյեկտիվ լուսաչափ խմբագրել

Ավելի ճշգրիտ չափումներ կատարվում են օբյեկտիվ լուսաչափով, որտեղ օգտագործվում են տարբեր սպեկտրային բնութագրեր ունեցող ֆիզիկական ընդունիչներ՝ ֆոտոէլեմենտ, ջերմաէլեմենտ, ֆոտոբազմապատկիչ։ Լուսային մեծությունները չափող օբյեկտիվ լուսաչափ հիմնականում բաղկացած է ոսպնյակներից, լուսազտիչներից, լույսը թուլացնող հարմարանքներից, դիաֆրագմաներից և ճառագայթման ընդունիչից։ Հաճախ, օբյեկտիվ լուսաչափում ճառագայթման հոսքը վերածվում է էլեկտրական հոսանքի, որի միջոցով էլ (համապատասխան աստիճանավորումից հետո) որոշվում է տվյալ լուսաչափական մեծությունը։

Չափումները և կիրառությունը խմբագրել

Լուսաչափական մեծությունների բացարձակ չափումները սովորաբար կատարվում են մեծ սիստեմատիկ սխալներով։ Ճառագայթման հոսքի հարաբերական չափումները տալիս են ավելի մեծ ճշգրտություն։ Ստանդարտ և չափվող աղբյուրների ճառագայթման հոսքերի հավասարեցումը իրականացվում է լուսաչափական սեպի, փոփոխական չափեր ունեցող դիաֆրագմաների և այլ սարքերի միջոցով։

Լուսաչափը լայն կիրառություն ունի աստղագիտության մեջ։ Աստղադիտակի վրա տեղադրված լուսաչափով աստղերի պայծառությունները չափվում են աչքով։ Ընդ որում չափվող երկնային մարմնի պայծառությունը հավասարեցվում է հայտնի պայծառություն ունեցող մեկ այլ երկնային մարմնի կամ հաստատուն լույսի աղբյուրի (հաճախ շիկացման էլեկտրական լամպի) պայծառության հետ։ Աստղադիտակի վրա տեղադրված ժամանակակից էլեկտրալուսաչափին ապահովում է չափման մեծ ճշգըրտություն։ Դրանցում որպես ընդունիչ օգտագործվում են ֆոտոբազմապատկիչները կամ ֆոտոէլեմենտները, որպես համեմատման լույսի աղբյուր՝ ինքնալուսարձակող ռադիոակտիվ նյութեր։ Մեծ թվով երկնային մարմինների լուսաչափությունը կատարվում է լուսանկարչական մեթոդով։ Այդ դեպքում լուսաչափությունը իրականացվում է միկրոֆոտոմետրերով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 689