Լոռու մարզային գրադարան

Լոռու մարզային գրադարան, Լոռու մարզի ամենամեծ գրականության պահոցն ունեցող գրադարանը։ Հիմնադրվել է 1915 թվականին։ Գտնվում է Վանաձորի Արցախ պուրակի հարևանությամբ՝ Վարդանանց 25 հասցեում։

Լոռու մարզային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմարզային գրադարան
Գործունեության ոլորտգրադարանային գործ
Հիմնվել է1915
ՏեղադրությունՎանաձոր, Լոռու մարզ
ՀասցեՎարդանանց 25
Այլ տվյալներ
Կայքlmg.am

Պատմություն խմբագրել

Լոռու մարզային գրադարանի պատմության սկիզբը 1915 թվականն է. հիմքում եղել է Վերգինե Մխիթարյանի տնային գրադարանը։ Վ.Մխիթարյանը Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» վիպակի հերոսուհու՝ Վիկտորյայի նախատիպն է[1]։ Հենց նրա գրադարանի բազայի հիման վրա 1927 թվականին ստեղծվել է քաղաքային գրադարան։ Խորեն ավագ քահանա Խանզադյանը իր հուշերում նշել է, որ դեռևս 1870-ական թվականնների վերջերից հանգանակությունների շնորհիվ Ղարաքիլիսայում բացվել է գրադարան[2]։ Այս հուշագրության հիման վրա որոշ մտավորականներ Լոռու մարզային գրադարանի պատմության սկիզբը համարում են 19-րդ դարավերջը՝ 1870-ական թվականները։

1932 թվականին պետթատրոնում Մաքսիմ Գորկու ծննդյան 40-ամյակի հանդիսավոր նիստին որոշում է կայացվել քաղաքային գրադարանը Մ.Գորկու անվամբ կոչելու մասին։

1975 թվականին ստեղծվել է գրադարանների կենտրոնացված համակարգ։ Նույն թվականին շահագործման է հանձնվել գրադարանի նորակառույց շենքը, որտեղ տեղավորվում է համակարգի Կենտրոնական գրադարանը։

1985 թվականին Կենտրոնական գրադարանը Վահան Տերյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ անվանակոչվել է նրա անունով։

1998 թվականին Կենտրոնական գրադարանը անջատվեց համակարգից և դարձավ Լոռու մարզի հանրապետական, ապա՝ 2003 թվականին, Լոռու մարզային գրադարան։

Այժմ Լոռու մարզային գրադարանի ֆոնդում առկա է շուրջ 400000 կտոր գրականություն։

Վարիչներ (տնօրեններ) խմբագրել

  • Հովհաննես Միքայելյան
  • Ամալյա Խաչատրյան
  • Արտաշես Մխիթարյան
  • Էդիկ Ղազարյան
  • Ալբերտ Լոռեցյան
  • Լաերտ Մկրտչյան
  • Անահիտ Քոչարյան
  • Կարինե Հակոբյան[3]

Բաժիններ խմբագրել

Սպասարկման բաժին

  • Աբոնեմենտ
  • Մամուլի ընթերցասրահ
  • Ընդհանուր ընթերցասրահ

Սպասարկման բաժինը մեծ աշխատանք է իրականացնում ընթերցողների սպասարկման և ներգրավման գործում։

Գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժին

Պատասխանատու է նոր ստացված գրականության մշակման, գրացուցակների կազմության, տեղադրման, գրքերի բաշխման համար։

Մանկական բաժին

Գտնվում է առանձին մասնաշենքում (Վանաձոր, Տիգրան Մեծի 24 հասցեում), իրականացնում է աշակերտների, նաև ուսանողների սպասարկումը։ Մանկական բաժինը մասսայական միջոցառումների հարուստ ավանդույթներ ունի։ Հաճախակի է կազմակերպում գրադարանի ակտիվ եւ շնորհալի ընթերցողների «ֆորմուլյարի պաշտպանություն» միջոցառումը, որը մեծ ոգեւորություն է առաջացնում հատկապես բարձր տարիքի ընթերցողների շրջանում։

Մատենագիտական տեղեկատվության բաժին

Կատարում է տեղեկատու-մատենագիտական աշխատանքը և գրադարանի վիճակագրությունը։

Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին

Այստեղ գործում է նաև ընթերցասրահ, կիրառվում է միջգրադարանային աբոնեմենտի գործառույթ։

Արվեստի բաժին

Ֆոնդի մեջ մտնում են գրքեր, ձայնապնակներ, դիաֆիլմեր եւ դիապոզիտիվներ։ Արվեստի գրքային ֆոնդը արտացոլված է կարգային գրացուցակում, իսկ տեսալսողական ֆոնդը ներկայացված է ինչպես կարգային, այնպես էլ այբբենական գրացուցակներում։

Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման և տեղեկատվության բաժին

2002 թվականին «Եվրասիա» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվեց ինֆորմացիոն-տեղեկատվական կենտրոն, որը վերակազմավորվեց Գրադարանային գործի ավտոմատացման եւ էլեկտրոնային տեղեկատվության բաժնի։ Ժամանակակից տեխնիկայով հագեցած բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Էլեկտրոնային գրացուցակի ստեղծում ԿՈՀԱ, WINISIS ծրագրերով,
  • Ազգային գրադարանի թվայնացված թերթերի մշակման աշխատանքների կազմակերպում,
  • Վեբ կայքի, սոց. էջերի, ինտերնետ կապի սպասարկում,
  • Գրադարանի աշխատակազմի համակարգչային գիտելիքների ուսուցում, վերապատրաստում,
  • Համակարգիչների տեխնիկական սպասարկում։

Այլ խմբերի հետ աշխատանքի և սպասարկման բաժին

Կազմակերպում է հաշմանդամների, տարեցների տուն-գրադարանային սպասարկումը, համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ[3]։

Վանաձորի Ամերիկյան անկյուն

2007 թվականից Լոռու մարզային գրադարանում գործում է Վանաձորի Ամերիկյան անկյունը, որն ակտիվ գործունեություն է ծավալում անգլերեն լեզվով գրականության սպասարկման գործում, կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ։

Գրադարանում ընթերցողների սպասարկման բարձր մակարդակն ապահովվում է «Ընտանեկան գրադարանավար», «Արեւ», «Իրտեկ», «Winisis», EBSCO եւ այլ ծրագրերի օգտագործումով։ Գրադարանը մասնակցել է զանազան դրամաշնորհային ծրագրերի մրցույթների՝ «Գրադարանների ֆոնդերի նպատակային համալրում տեղեկատու-մասնագիտական գրականությամբ» (Բաց հասարակության ինստիտուտ), «Գրադարաններն իբրեւ հանրային հաղորդակցության կենտրոններ» (Եվրասիա), «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» (Սիվիլիթաս), «Առողջապահական կամուրջ» (EIFL) եւ այլն։ Լոռու մարզային գրադարանը համագործակցում է գրադարանի զարգացմանն աջակցող գիտակրթական հաստատությունների, հիմնարկների, տեղական կառավարման մարմինների, այլ գրադարանների եւ զանազան հասարակական կազմակերպությունների հետ։ Գրադարանում կազմակերպվող բոլոր միջոցառումները (Ազգային գրադարանային շաբաթ, Գրադարանային երեկո, մասսայական միջոցառումներ եւ այլն) ուղեկցվում են գրքային հարուստ ցուցահանդեսներով։

Աղբյուրները. խմբագրել

Գագիկ Աղաբաբյան «Մուսաների ծառաները», Վանաձոր, 2013[1]

Խորեն ավագ քահանա Խանզադյան «Հուշեր և տպավորություններ», Երևան, 1998 «Վանաձոր», Երևան, 2012[2]

Ֆրոսյա Ջանջուղազյան «Լոռու մարզային գրադարանի պատմությունը», Վանաձոր, 2010[3]

Ժամանակագրություն. խմբագրել

  • 1915 թվական - ստեղծվել է Վերգինե Մխիթարյանի տնային գրադարանը
  • 1927 թվական - հիմնադրվել է քաղաքային գրադարանը
  • 1932 թվական - քաղաքային գրադարանը անվանակոչվել է Մաքսիմ Գորկու անունով
  • 1975 թվական - ստեղծվել է Գրադարանների կենտրոնացված համակարգը
  • 1985 թվական - Կենտրոնական գրադարանը անվանակոչվել է Վահան Տերյանի անունով
  • 1998 թվական - Կենտրոնական գրադարանը անջատվեց Գրադարանների կենտրոնացված համակարգից և դարձավ Լոռու մարզի հանրապետական գրադարան
  • 2003 թվական - անվանափոխվել է Լոռու մարզային գրադարան
  • 2007 թվական - սկսել է գործել Վանաձորի ամերիկյան անկյունը
  • 2017 թվական - սկսել է գործել «Անհաղթ աքլոր» մշակութային կենտրոնը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աղաբաբյան, Գագիկ (2013). «Մուսաների ծառաները». Վանաձոր.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 Խանզադյան, Խորեն ավագ քահանա (1998). «Հուշեր և տպավորություններ». Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 Ջանջուղազյան, Ֆրոսյա (2010). «Լոռու մարզային գրադարանի պատմությունը». Վանաձոր.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)