Իսպանիայի աշխարհագրություն

Իսպանիան գտնվում է մերձարևադարձային գոտում։ Ափագծի երկարությունը (կղզիների հետ միասին) ավելի քան 5000 կմ է։ Ափերը քիչ են կտրտված։ Տարածքի 65%-ը 500 մ-ից բարձր է (այդ թվում 25%-ը՝ 1000 մ/-ից բարձր), առավել բարձր կետը 3478 մ է (Մուլասեն լեռ, Սիեռա Նևադա լեռնաշղթայում)։

«Միկոս դե Եվրոպան» հյուսիսային Իսպանիայում

Աշխարհագրական ակնարկ

խմբագրել

Գերակշռում են սարահարթերը (հիմնականը Մեսեասն է), որոնք հյուսիս-արևմուտքում (Հին Կաստիլիայում) հասնում են 800—1000 մ, իսկ հարավ-արևելքում (Նոր Կաստիլիայում)՝ 500—600 մ բարձրության վրա։ Հին և Նոր Կաստիլիաների միջև՝ հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվում է Կենտրոնական Կորդիլիերաների լեռնաշղթաների համակարգը, Բիսկայան ծոցի երկայնքով՝ Կանտաբրյան լեռները, որոնք արևելքում անցնում են Պիրենեյան լեռներին։ Հարավից Պիրենեյները սահմանազատվում են Արագոնյան դաշտա-վայրով և էբրո գետով, որից հարավ գտնվում են Իբերյան լեռները։ Երկրի հյուսիս-արլևելքում, Պիրենեյների և Էբրո գետի ստորին հոսանքի միջև, ձգվում են խիստ մասնատված Կատալոնյան լեռները, հարավում և հարավ-արլևելքում՝ Անդալուզյան լեռները, հարավ-արևմուտքում՝ Անդալուզյան դաշտավայրը։ Երկրաբանական կառուցվածքում գլխավորը Իբերական Մեսետայի պրոտերոզոյան և պալեոզոյան ծալքավոր կոմպլեքսներն են, որոնք արլևելքում ծածկված են մեզոկայնոզոյան պլատֆորմային զրահով։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Իսպանիան հարուստ է մետաղային օգտակար հանածոներով՝ պղինձ, սնդիկ, կապար, ցինկ, ուրան (պաշարներով կապիտալիստական աշխարհում գրավում է 6-րդ տեղը, Եվրոպայում՝ 2-րդ տեղը), վոլֆրամ, անագ։ Ոչ մետաղային հանածոներից կան կալիումական աղեր, ապատիտ, քարածուխ։

Կլիման երկրի հյուսիս-արևմուտքում և հյուսիսի ծայրամասերում բարեխառն օվկիանոսային առատ տեղումներով (տարեկան 1000— 2000 մմ), մեղմ ձմեռով և տաք ամառով։ Ափամերձ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը 7—9 °C է, հուլիսինը՝ 18— 20 °C, լեռներում՝ հատկապես Պիրենեյներում, ավելի քան 2500 մ բարձրության վրա ձմռանը ջերմաստիճանը բացասական է, ամռանը՝ 10—12 °C: Մնացած շրջաններում կլիման մերձարևադարձային, միջերկրածովային է՝ շոգ, չոր ամառով և մեղմ ու խոնավ ձմեռով։ Առանձնապես չոր են կենտրոնական, արևելյան և հարավարևելյան շրջանները (տեղումների տարեկան քանակը՝ 200—500 մմ), առավել խոնավ են արևմտյան, հարավարևմտյան և լեռնային շրջանները։ Խոշոր գետերն են՝ Տախո, Գուերո, Գվադիանա, Գվադալքվիվիր, էբրո, Խուկար, Սեգուրա։

Հողերը և բուսականություն

խմբագրել

Իսպանիայի հյուսում և հյուսիս-արևմուտքում լեռնային գորշ անտառային հողերի վրա տարածված են հաճարենու, կաղնու, շագանակենու անտառները, լեռնալանջերի վերին մասերում՝ պոդզոլային հողերի վրա, հիմնականում սոճու, եղևնու անտառները։ Պիրենեյներում՝ 1800—2000 մ-ից բարձր, տարածվում են մարգագետինները։ Մնացած շրջաններում բուսականությունը միջերկրածովյան տիպի է։ Մեսետա սարահարթի առավել չորային տեղամասերը և հարավարևելյան ծովափը ծածկված են մոխրաշագանակագույն հողերի՝ երբեմն աղուտների վրա աճող խոտաթփային բուսականությամբ, երկրի ծայր հարավում խամերոպսի գետնարմավենու մացառուտներն են (վայրի աճող միակ արմավենին Եվրոպայում)։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների ֆաունան մոտ է միջին եվրոպականին (աղվես, կզաքիս, գորշ արջ, փորսուղ, քարայծ)։ Մնացած շրջաններում գերակշռում է միջերկրածովյան ֆաունան՝ մեծ թվով էնդեմիկ տեսակներով և Հյուսիսային Աֆրիկայի ֆաունայի ներկայացուցիչներով (վիվեռա, իսպանական նապաստակ, ալժիրական ոզնի)։ Ջիբրալթարի մոտակայքում հանդիպում է մակակը (կապիկների միակ ներկայացուցիչը Եվրոպայում)։ Շատ են թռչուններն (մինչև 400 տեսակ) ու սողունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։