Ինքնատատանումներ, որևէ համակարգում առաջացող ֆիզիկական ցանկացած բնույթի չմարող տատանումներ, որոնք կարող են գոյություն ունենալ արտաքին փոփոխական ազդեցությունների բացակայության պայմաններում։ Ինքնատատանւմի ձևն ու հաճախականությունը պայմանավորված են համակարգի հատկություններով (ի տարբերություն ստիպողական տատանումների)։ Ինքնատատանումի օրինակներ են ժամացույցի ճոճանակի, երաժշտական գործիքի լարերի, ռադիոգեներատորի էլեկտրական կամ քվանտային գեներատորի լուսազդանշանների տատանումները։ Այն համակարգերը, որոնցում ինքնատատանումներ են առաջանում, կոչվում են ինքնատատանողական։ Ինքնատատանողական ցանկացած համակարգ անհրաժեշտորեն պարունակում է տատանողական համակարգ, որում առաջանում են ազատ,սակայն անխուսափելի կորուստների առկայության պատճառով մարող տատանումներ, էներգիայի աղբյուր, որի հաշվին պահպանվում են ինքնատատանումներ, և հարմարանք՝ փական, որը կարգավորում է էներգիայի ներմուծումը տատանողական համակարգ։ Անհրաժեշտ է նաև հակադարձ մի կապ (տատանողական համակարգից՝ աղբյուր), որն ապահովում է փականի ժամանակին գործարկումը և կարգավորում ներմուծվող էներգիայի բաժինը։

Այսպես, լամպային գեներատորում փականի դերը կատարում է լամպի ցանցը, հակադարձ կապինը՝ տատանողական կոնտուրի և ցանցային կոճերի միջև փոխինդուկցիան։ Հաստատուն ամպլիտուդի տատանումներ ստանալու համար ներմուծվող էներգիան պետք է ճշտորեն հավասարվի կորուստներին։ Բացի այդ, էներգետիկ հավասարակշռության վիճակը պետք է կայուն լինի, որպեսզի պատահական ֆլուկտուացիաների դեպքում ինքնաբերաբար վերականգնվի։ Այսպիսի դինամիկ կայունությունը ապահովում է ինքնատանողական համակարգի մեջ ոչ գծային տարրի առկայությամբ։ Առաջացող տատանումների ձևը կախված է տատանողական համակարգի բարորակությունից, եթե այն մեծ է, տատանումները ձևով համընկնում են համակարգի սեփական տատանումներին։ Սահմանային դեպքում, երբ պարբերության ընթացքում ներմուծվող էներգիան նույն պարբերության վերջում լրիվ ցրվում է, տատանումները ձևով ռելաքսացիոն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 368 CC-BY-SA-icon-80x15.png