Թույլտվածքներ և նստվածքներ

Թույլտվածքներ և նստվածքներ մեքենաշինության մեջ, մեքենամասերի պատրաստման ու մեքենայի հավաքման ճշգրտության չափանիշ։ Թույլտվածքը մեքենամասի երկրաչափական, մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և այլ պարամետրերի առավելագույն ու նվազագույն թույլատրելի արժեքների տարբերությունն է և ցույց է տրվում որպես տվյալ պարամետրի առավելագույն ու նվազագույն սահմանային արժեքներ։ Տեխնիկական փաստաթղթերում տալիս են հանգույցի կամ մեքենամասի նոմինալ (հաշվարկային) չափը։ Նոմինալ և իրական չափերի տարբերությունը կոչվում է շեղում։ Թույլտվածքը նաև սահմանային չափերի կամ վերևի ու ներքևի շեղումների տարբերությունն է։ Մեքենամասերի չափերի թույլտվածքները ներկայացվում են դաշտերի տեսքով, որոնց վերևի ու ներքևի կողմերը համապատասխանում են վերևի ու ներքևի սահմանային շեղումներին։ Նոմինալ չափին համապատասխանում է զրոյական գիծը, որից վերև տեղադրվում են դրական շեղումները, իսկ ներքև՝ բացասական։ Մեքենամասերի միմյանց միացումը լինում է շարժական կամ անշարժ։ Երկու մեքենամասերի միացման բնույթը կոչվում է նստեցվածք։ Մեկը մյուսի մեջ մտնող մեքենամասերի միացումներում տարբերվում են ընդգրկող (անցքի) և ընդգրկվող (լիսեռի) մակերևույթներ։ Սահմանված է անցքի և լիսեռի համակարգ։ Անցքի համակարգում անցքի թույլտվածքը միշտ դրական է, իսկ լիսեռի թույլտվածքը՝ դրական կամ բացասական։ Նստեցվածքը անցքի և լիսեռի թույլտվածքի գումարն է։ Նստեցվածքները բաժանվում են երեք խմբի՝ բացակով, ձգվածքով և անցումային։ Թույլտվածքներ և նստվածքները դասակարգվում են ըստ ստանդարտների և ներկայացվում անցքի ու լիսեռի համակարգերում անցքի ու լիսեռի սահմանային շեղումների աղյուսակներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 240