Թղիթ, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի ամրոց։ Գտնվում է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղից 2,5 կմ արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ գագաթներից մեկի վրա։

1975-ին հայտնաբերել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստ–ների և Երևանի համալսարանի հայագիտական կենտրոնի միացյալ հնագիտական երթուղային արշավախումբը։ Ունի պարսպապատ բնակավայր, ջրամբար և դամբարաններ։ Գրավում է մոտ 1 հա տարածություն, շրջափակված է պարսպով, որի արևմտյան՝ առավել լավ ամրացված հատվածն ունի չորս հզոր, ուղղանկյուն աշտարակ։ Պարսպի ու աշտարակների երկշար պատերը կառուցված են բազալտե խոշոր, կոպտատաշ վեմերից։ Շարքերի միջև մնացած տարածությունը լցված է մանր գլաքարերով և կավաշաղախով։ Պարսպի և աշտարակների պահպանված մասերի բարձրությունը տեղ–տեղ անցնում է 6 մ–ից։ Պարսպի վրա պահպանվել են նաև գլխավոր դարպասը (լայնությունը՝ մոտ 5 մ) և 2 մուտք։ Բնակատեղին տարածված է գագաթից լանջերն իջնող դարավանդների վրա։ Պահպանվել են բնակելի տների հետքեր։ Հյուսիս–արևմտյան կողմում գտնվում է ջրամբարը, որի ջուրն օգտագործվել է ամրոցի ջրամատակարարման և ոռոգման նպատակներով։ Վերգետնյա նյութի քննության հիման վրա ենթադրվում է, որ Թղիթը նախաուրարտական (մ. թ. ա. XIII–IX դդ.) շրջանի ամրոց է։ Թղիթը դեռևս կանոնավոր պեղումներով ուսումնասիրված չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 192