Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցի (Թբիլիսի)

Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցի չգործող հայկական եկեղեցի Վրաստանի Թբիլիսի քաղաքի Գելաթիի (նախկինում Իորսկայա) փողոցում։

Երևանցոց Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ըստ վրացի հետազոտող Էգնատի Իոսելիանիի՝ եկեղեցին հայկական է[1]։ Հայ աղբյուրագետ, հնագետ Լեոն Մելիքսեթ-Բեկն իր «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» (Երևան, 1955, էջ 268) գրքի մեջ նշել է, որ եկեղեցին հիմնադրվել է հավլաբարցիների միջոցներով և անվանվել հանուն Սուրբ Մինաս Վկայի[2]։ Հայ և վրացԻ հետազոտողները եկեղեցու հիմնադրման տարեթիվԸ համարում 1790 թվականը։

19-20-րդ դարերում Սբ Մինաս եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է և հիմնանորոգվել։ Առաջին վերանորոգությունն իրականացվել է 1811 թվականին[3], իսկ առաջին հիմնանորոգումը՝ 1880-ական թվականներին։ Նոր եկեղեցին կրկնում էր հին եկեղեցու աղյուսաշեն փայտածածկ հորինվածքը[4]։ Այն օծվել է 1883 թվականի օգոստոսի 2-ին[5]։ 20-րդ դարի սկզբին քայլեր են ձեռնարկվել նաև եկեղեցու պարսպի և կից երկհարկանի շինության կառուցման ուղղությամբ։

Ճարտարապետություն խմբագրել

Սբ Մինաս եկեղեցին ուշ միջնադարի հայկական ճարտարապետությանը բնորոշ եռանավ բազիլիկա է` չորս մույթերով, երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, կիսաշրջանաձև աբսիդով[6]։ Եկեղեցին ընդգրկված է եղել փողոցի ամբողջ երկայնքը։ Ընդարձակ դահլիճը ծածկված է եղել փայտե կամարով, որը երեսպատված է եղել երկթեք թիթեղյա թերթերով։ Ներկայումս փայտյա ծածկը ամբողջությամբ ավերված է։ Արևելյան և արևմտյան ճակատամասերը ճակտոններ չունեն և ամբողջական շինությունն ավելի շատ աշխարհիկ շինություն է հիշեցնում։ Եկեղեցու ներքին տարածքը բավականին մեծ է եղել։ Այն բացի արևելյան կողմից, մյուս երեք կողմերից ունեցել է բավական լայն ու բարձր մուտք։ Եկեղեցին ունեցել է նաև ընդարձակ պատուհաններ։ Ճակատամասերը խիստ համաչափ են։ Արևելյան կողմից եկեղեցու վրա ներկայումս կառուցված է երկար պահեստարան, որը ծածկում է արևելյան պատուհանները։ Կցված կառույցի վերևում երևում է պատուհանի կամարի սկիզբը։ Եկեղեցու արևմտյան ճակատամասին կառուցվել է պահեստ[7]։

Քահանաներ և երեսփոխաններ խմբագրել

19-րդ դարի 20-ական թվականներին Սբ Մինաս եկեղեցում քահանա է եղել Տեր-Հովհաննես ավագ քհն. Աստվածատուրյանը[8]։ Եկեղեցու միաբան քահանաներից են եղել նաև Զաքարիա Տեր-Դավթյանը[9], Ղազարոս քհն. Հովսեփյանցը[10], Գևորգ քհն. Տեր-Հովհաննիսյանը[11], Արիստակես քհն. Բենքլեանցը[12]։

ՄՄ, Կաթողիկոսական դիվան, թղթ. 31, վավ. 198-ում 1817 թվականի եկեղեցու երեսփոխ է հիշատակվում պարոն Գրիգորը, որի հաշվեմատյանը պահպանվել է[13]։

20-րդ դարի սկզբի երեսփոխաններից են եղել Նազար Ափյանցը[14], Հովհաննես Մկրտչի ԱվագյանըՀ[15], Պողոս Քաթանյանցը[16], Սեդրակ Բարսեղյանը[17]։

Եկեղեցական կալվածքներ խմբագրել

Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների 1838 թվականի կալվածքների տեղեկագրում կա հիշատակություն Սբ Մինաս եկեղեցու շարժական և անշարժ կալվածքների վերաբերյալ։ Տարբեր եկեղեցական իրերից բացի այն ունեցել է նաև վարձակալման տրված սենյակներ, եկեղեցուն կից հողատարածքներ[18]։ 20-րդ դարի սկզբին եկեղեցուն են պատկանել ինչպես Շիրազխանա փողոցում գտնվող երկու խանութները, այնպես էլ նրա բակում գտնվող ուսումնարանի շինությանը կից մի խանութ[19]։ Կա տեղեկություն, որ Դավիթ Իզմիրյանցը եկեղեցուն է կտակել որոշ կալվածքներ[20]։ Եկեղեցուն նվիրաբերություն է կատարել նաև Ղազար Ափյանցը՝ 1900 թվականին նա եկեղեցուն է նվիրել Հավլաբարի 7-րդ տեղամասում գտնվող 1450 ռուբլի արժողությամբ միահարկ շինություն կից բակով։ Այն զբաղեցրել է մոտ 54, 23 քառ. սաժեն հողատարածք[21]։

խմբագրել

Սբ Մինաս եկեղեցուն կից ծխական դպրոցի բացման վերաբերյալ արխիվային վավերագրերը տեղեկություններ կա սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից։ 1860-1862 թվականներին Սբ․ Մինաս եկեղեցու գավթում կառուցվել են նոր սենյակներ, որոնցից մեկն էլ օգտագործվել է ուսումնական նպատակներով[22]։ Հետագայում՝ 1872 թվականին, Մակար արքեպիսկոպոսի ղեկավարությամբ Սբ․ Մինաս եկեղեցուն կից բացվել է Մարիամյան օրիորդական ուսումնարանի մասնաճյուղը։ 1870-ական թվականների վերջին եկեղեցուն կից բացվել է նաև հայտնի Իզմիրյան դպրոցը[23]։

Եկեղեցին խորհրդային և հետխորհրդային տարիներին խմբագրել

Եկեղեցու հանդեպ 1920-1930-ական թվականներին բոլշևիկների վարած հակաեկեղեցական ու հակակրոնական քաղաքականությունն իրենց ազդեցությունն ունեցան։ 1924 թվականին Թիֆլիսի կենտգործկոմի որոշմամբ Սբ Մինաս եկեղեցին հատկացվեց Հավլաբարի շրջկոմին` շրջանային ակումբ բացելու համար[24]։ Հետագայում եկեղեցու շենքը օգտագործվել է որպես կարի արտադրամաս։ 1990-ական թվականների կեսերից շենքը եղել է ամայի։

2007 թվականի հոկտեմբերի 1-ին եկեղեցուն տրվեց պատմական հուշարձանի կարգավիճակ, սակայն այն ոչնչով չի նպաստել եկեղեցու պահպանման գործընթացին։ Այդ առնչությամբ Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներ է հղել պատկան մարմիններին, սակայն՝ անարդյունք։ 2009 2011, 2012, 2015 թվականներին Վիրահայոց թեմը բազմաթիվ նամակներով Վրաստանի պատկան մարմիններին ներկայացրել է Սբ․ Մինաս և այլ եկեղեցիների վիճակի մասին, սակայն կրկին անարդյունք են մնացել։

Անձրևների պատճառով 2014 թվականի սեպտեմբերի 19-ին քանդվել է եկեղեցու տանիքը[25]։

Եկեղեցու տարածքը ցանկապատված չէ, և վերջին տարիներին եկեղեցու տարածքի համար վեճեր են ծագել եկեղեցու հարևանությամբ ապրող բնակիչների միջև։ Եկեղեցու հարակից տարածքը սեփականաշնորհվել է մասնավոր անձի կողմից։ Եկեղեցու տարածքում սկսել են կառուցվել մասնավոր շինություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պ. Մուրադյան, Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Ս. Էջմիածին, 2009, էջ 233
  2. Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. գ., Երևան, 1955, էջ 268
  3. ՀԱԱ, ֆ. 332, ց. 1, գ. 102, թ. 16-ի շրջ
  4. «Մեղու Հայաստանի», 1880, N 49, էջ 4
  5. «Մեղու Հայաստանի», 1883, N 1, էջ 4
  6. Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, «Էջմիածին», 2009 (Զ), էջ 74
  7. Մելիքսեթ-Բեկ Լ., 1923: Նյութեր Տփիլիսիի և «Սոմխիթի» հնությունների պատմության համար, Մեր գիտությունը», 1923, 1, Տփիլիսի, էջ 92։ Տղեմալաշվիլի Օ., 1967, Թբիլիսի (ուղեցույց), Թբիլիսի
  8. ՄՄ, Ներսես Աշտարակեցու արխիվ, թղթ. 166, վավ. 874
  9. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2614, թ. 63
  10. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 238
  11. ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2375, թ. 1-ի շրջ.-2
  12. ՀԱԱ, ֆ. 53, ց. 2, գ. 2380, թ. 1-ի շրջ.-2
  13. ՄՄ, Կաթողիկոսական դիվան, թղթ. 31, վավ. 198
  14. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1050, թ. 2
  15. ԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2464, թ. 10
  16. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 21
  17. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 37
  18. ՀԱԱ, ֆ. 56, ց. 6, գ. 39, թթ. 78-ի շրջ.-80
  19. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 60
  20. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3099, թ. 17, 39
  21. ՀԱԱ, ֆ. 56, ց. 4, գ. 3861, թ. 1; 8
  22. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2252, թթ. 115-116; ֆ. 56, ց. 5, գ. 55, թթ. 411-412 և շրջ
  23. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2273, թ. 71-ի շրջ.
  24. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3135, թ. 3 և շրջ
  25. Վիրահայոց թեմի մամլո դիվան

Արտաքին աղբյուրներ խմբագրել