Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցանմուշներ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցանմուշներ, հավաքածուն ընդգրկում է ավելի քան 12758 հնագիտական առարկաներ, որոնք խմբավորված են 161 հավաքածուներում[1]։

Թանգարանի հավաքածուն խմբագրել

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմված է Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող հնագիտական առարկաներից[2]:

 
Արձանագրություն քարին

Արձանագրություն քարին (1)Խալդիին՝ տիրոջը, այս տունը (2) Արգիշթին Մինուայի որդին(3)կառուցեց.(նաև) բերդ հոյակապ.(4)դրեցի Էր(ե)բունի անունը,(5) Բիայնի երկրների փառքի համար,(6) թշնամիներին ի սարսափ:(7)Խալդյան մեծությամբ(8) Արգիշթին Մինուայի որդին(9)թագավոր (է) հզոր, թագավորը՝ Բիայնիլի երկրների,(10)տերը՝ Տուշպա քաղաքի։

Արձանագրված մակերեսի չափը՝ 59 33 սմ, տողի բարձրությունը՝ 3 սմ։ Արին բերդ։

 
Եղջերագավաթ

Եղջերագավաթ, արծաթե, նժույգի առաջամասով, պատրաստված երկու մասերից և իրար է միացված զոդման միջոցով։ Լայն բերանի եզրը թեթևակի ծալված է։ Գավաթի իրանը զարդարված է ուղղահայաց ակոսիկներով։ Ներքևի հատվածը նժույգի առաջամասն է՝ կրծքին սեղմած ոտքերով։ Նժույգի քաշը ճակատի վրա պատկերված է կարճ մազափնջի տեսքով, որը երկու ալիքաձև բաշերի նման իջնում է վզի երկու կողմերից։ Նժույգի դնչին կա սանձ, որը պատրաստված է փոքրիկ օղակներից։ Կրծքի վրա պատկերված է կախված զանգակ, որի տակ գտնվում է հեղուկի հեղման համար նախատեսված անցքը։ Եղջերագավաթը արտահայտում է Միտրա աստծու կենդանակերպ պատկերը։

  • Թվագրվում է մ.թ.ա. IV դար
  • Բարձրություն՝ 20 սմ, ստորին մասի երկարություն՝ 21սմ
  • Լայնություն՝ 14 սմ, քաշը՝ 1,6 կգ
  • Երևանի Նոր Արեշ թաղամասից
 
Եղջերագավաթ

Եղջերագավաթ, արծաթե, հեծյալի տեսքով, երկար աղեղնաձև լայնափողով և փոքր առաջամասով։ Նժույգը նստած վիճակում է, ունի լավ արտահայտված սմբակներ, կարճ բաշ, ընդգծված երասանակ։ Թամբատակի թաղիքը ետևի կողմում ունի աստիճանավոր ելուստներ և աղեղնաձև զարդեր։ Թաղիքի վրա պատկերված են դեմ դիմաց նստած այծեր և ցուլ։ Հեծյալի հագին կա ներքևում նեղացող անդրավարտիք, կարճ թևքերով մարմնին կիպ նստող վերնազգեստ։ Ուղիղ նստած մորուքավոր հեծյալի գլխին կա բարձր գլխարկ, որի երկու կողմերում պատկերված են թռչուններ։ Աջ կողքից կախված է աքինակը։ Նժույգի առջևի երկու ծնկներին և կրծքին կան անցքեր[3]

  • Բրձր.- 46սմ, ստորին մասի երկ.-28 սմ.
  • լայն.- 14սմ, քաշը -1.8 կգ։
  • Երևանի Նոր Արեշ թաղամասից։
 
Կարաս

Կարաս, կավե, դարչնագույն, թեթևակի ուռուցիկ նեղ հատակով, դեպի վեր լայնացող ձագարաձև իրանով, վերևի կեսում՝ ուռուցիկ ուսերով, որոնք նեղանալով կազմում են հարթ կտրված և դուրս փռված շուրթը։ Շուրթի տակ՝ մեկ, ուսին երկու ոլորած պարանի զարդագոտիներ են, որից ներքևի ուռուցիկ գոտու վրա ներճկված անկանոն եռանկյուններ են։ Վզին՝ երեք ակարկի և գոտու վրա չորս տիրուսի տարողության նշաններն են։

  • Բրձր.-1.75մ., իրանի տր.-1.16մ, բերանի տր.-68 սմ։
  • Արին բերդ:
     
    Սափոր

Սափոր, ծիսական, կավե, ցլի գլխի երեք արձանիկներով, կարմիր, անգոբապատ, փայլեցրած, տեղ-տեղ՝ սև։ Սափորն ունի օղակաձև լայն նստուկ, փքուն իրան, կլորավուն, լայն դեպի ներս ճկված ու հորիզոնական դիրքով դրված ակոսավոր շուրթ, շուրթին՝ ցլերի երեք գլուխներ։ Իրանի վերին կեսը զարդարված է 2 հորիզոնական ակոսով, որից վեր՝ շղթայաձև փորագիր զարդագոտիով, ուսին՝ ուռուցիկ գոտիով։ Ցլերի գլուխները երկու կոտոշով են, ակոսավոր գծերով արված աչքերով և ռունգերով։

  • Բրձր.- 30.5 սմ, բերանի տր.-18 սմ, իրանի տր.-40 սմ։
  • Երևանի Բիայնական դամբարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ֆոնդեր
  2. «Էրեբունի թանգարան․ Թանգարանային հավաքածուն». .erebuni.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  3. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարան, Կատալոգ, Երևան 2017թ.