Էջատիտղոս, էջախորագիր, տեղեկատու տվյալներով (հեղինակի անուն-ազգանուն, ստեղծագործության վերնագիր և այլն) տող՝ էջի տեքստի վերևում (երբեմն՝ կողքին կամ ներքևում)։

Էջատիտղոսները լինում են անփոփոխ (կրկնվում են գրքի բոլոր էջերում) և փոփոխվող (փոխվում են գլուխը, հոդվածը և այլն փոխվելուն համընթաց)։

Էջատիտղոսը՝ որպես էջկապի տարր, ի հայտ է եկել դեռևս XVI դարում։ Ժամանակակից հրատարակություններում հաճախ հրաժարվում են էջատիտղոսից՝ թղթի խնայողության և գրքի ինքնարժեքի նվազեցման նկատառումերով, կամ էջատիտղոսները դրվում են էջերեսի նվազագույն կորուստի եղանակով։ Էջատիտղոսը հիմնական տեքստից առանձնացվում է էջագծով և, որպես կանոն, չի դրվում էջքով սկսվող, ամբողջությամբ պատկերազարդված և տեղեկատվական այլ տվյալներ պարունակող էջերում։ Էջատիտղոսը կարևոր է հանրագիտարանային և բառարանային հրատարակություններում, որոնք էջկապվում են հիմականում սյուներով։ Նրանց մեջ էջատիտղոսը (սյունատիտղոս) դրվում է բացվածքի ձախ ու աջ սյուների գլխավերևներում՝ ձախում՝ էջի առաջին, աջում՝ էջի վերջին բառ-տերմինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։