Էլեկտրահաղորդման օդային գծեր

Էլեկտրահաղորդման օդային գծեր, էլեկտրաէներգիան հաղորդելու կամ բաշխելու համար նախատեսված բացօթյա տեղակայանք, որը բաղկացած է հաղորդալարերից, մեկուսիչներից և հենարաններից։ Էլեկտրահաղորդման օդային գծերը էներգահամակարգի հիմնական օղակներից են և էլեկտրական ենթակայանների հետ կազմում են էլեկտրական ցանցեր։ Օգտագործում են պղնձե, ալյումինե, պողպատալյումինե, երբեմն՝ պողպատե չմեկուսացված հաղորդալարեր (միալար, բազմալար, սնամեջ և տրոհված)։ Միալար հաղորդալարերն օգտագործում են մինչև 1000 վ լարման գծերում։ Միևնույն մետաղից բազմալար հաղորդալարերը հյուսում են միևնույն հատվածքի հաղորդալարերից։ Երկմետաղ բազմալար հաղորդալարերում զուգակցվում են պողպատե լարի մեխանիկական և մյուս լարի էլեկտրահաղորդման բարձր հատկությունները։ Դրանք կիրառում են 35 կվ-ից, իսկ սնամեջ հաղորդալարերը՝ 220 կվ-ից բարձր լարման գծերում։ Տրոհված սնամեջ հաղորդալարեըը կիրառում են գերբարձր (500, 750 կվ և ավելի) լարման դեպքում։ Օդային գծերի հաղորդալարերը պետք է ունենան բարձր հաղորդականություն, մեխանիկական ամրություն, մթնոլորտային և քիմիական ներգործությունների նկատմամբ՝ կայունություն։ Մթնոլորտային գերլարումներից էլեկտրահաղորդման օդային գծերը պաշտպանելու համար կիրառում են ամպրոպապաշտպան մետաղալարեր կամ պարպիչներ։ Օդային գծերի կարևորագույն բնութագրերն են գծի թռիչքի երկարությունը, հաղորդալարի առավելագույն կախվածքը թռիչքում, հաղորդալարի ամենացածր կետի թույլատրելի նվազագույն հեռավորությունը երկրի մակերևույթից, մեկուսիչների դրասանգի երկարությունը, հարևան հաղորդալարերի միջև եղած հեռավորությունը, հենարանի լրիվ բարձրությունը։ ԽՍՀՄ–ում շահագործվում են փոփոխական և հաստատուն հոսանքի էլեկտրահաղորդման օդային գծեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 517