Էթոլացում (ֆրանսերեն etioler – խունանալ, թոշնել), անբավարար լույսի պայմաններում կամ մթության մեջ աճած կանաչ բույսի գունազրկումը։ Բույսերը քլորոֆիլի սինթեզի բացակայության պատճառով ունենում են բաց դեղնավուն գույն, թերաճ տերևներ, մեխ. հյուսվածքներ և հերձանցքեր, երկարացած ցողուն։ Էթոլացման ժամանակ ցողունի երկարացումը բնական պայմաններում արագացնում է սերմնաշաքիլների (սերմերի ծլարձակմամբ) հողի մակերևույթ հասնելը և տերևի դուրս գալը՝ լույսին (խիտ ցանքերում)։ Այդ բույսերի հյուսվածքներում առկա են բազմաթիվ բուսահորմոններ, հիմնականում աուքսիններ, որոնք նպաստում են բջիջների գերձգմանը։ Բավարար լուսավորության պայմաններում էթոլացված բույսերի կանաչ գույնն արագ վերականգնվում է, և վերսկսվում՝ ակտիվ լուսասինթեզը։ Շատ բանջարաբույսերի Էթոլացված օրգանները (օր՝ կաղամբի ներսային տերևները, տարբեր սոխուկավորների սոխուկները, ծնեբեկի ստորգետնյա ընձյուղները) օգտագործում են սննդի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։