Զինվորի երգեր, հայ քնարական բանահյուսության համեմատաբար նոր տեսակներից են, կապված 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայերին ցարական և թուրքական բանակ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու իրողության հետ։

Պատմություն խմբագրել

1887 թվականին պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ օրենքի կիրառության առիթով հայոց մեջ ստեղծվել են երգեր, որոնք ժողովրդական բանահյուսության մեջ հայտնի են սալդաթի, ասքյարի խաղեր կամ զինվորի երգեր անվանումներով։ Նախասովետական շրջանի զինվորի երգերի նմուշներում առկա է թախծոտ տրամադրություն, դժգոհույթւոն, բացասական վերաբերմունք դեպի ցարական բանակն ու զինծառայությունը։

  Երկար դարերի ընթացքում զինվորական ծառայություն չկատարած ժողովրդի համար սա համարվում էր աղետ, որը և անդրադարձել է գյուղական սիրո երգի մեջ
- Մանուկ Աբեղյան, Խաղիկներ, Երևան,1940, էջ 18
 

Մինչ Ալեքսանդր III ցարի զինապարտության օրենքի հրատարակությունը(1887թ․) հայկական կյանքում զինվորական ծառայության որոշակի դրվագներ ու փորձ եղել է։ Սակայն օրենքի կիրառումը հանդիպել է դիմադրության։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ եղել են զինված ընդդիմության փորձեր, խույս տալու՝ «ղաչաղ ընկնելու» դեպքեր[1]։

Նկարագրություն խմբագրել

Հորինված են ավանդական երգերի (պանդխտության, հարսանեկան, հրաժեշտի, ողբի) ոճական ազդեցությամբ, ունեն երգային կայուն բանաձևեր ու կրկնակներ(«Սալդաթ եմ, կերթամ», «Ասքյար եմ,կերթամ», «Վագոն, մի ժաժա»)։ Այս երգերը պատմական քնարական երգեր են։ Հորինվել և շրջանառվել են որոշակի ռազմաքաղաքական իրադարձությունների շուրջ։ Արտացոլել են իրադարձությունների ազդեցության հետևանքները զինվորի ու նրա հարազատների ներաշխարհի վրա, այն տրամադրությունները, որ հարուցել է զինվորական ծառայությունը։ Զինվորի երգերը հորինվել են առաջին դեմքով, ինչն ավելի է սրել երգի ողբերգականությունը։ Այս երգերում երևույթները, ռազմական գործը դիտարկվում են մարդու հուզաշխարհի, ճակատագրի վրա գործած ազդեցության տեսանկյունից[2]։

Տարածում խմբագրել

Զինվորի երգերը հորինվել և տարածվել են մեծ մասամբ Արևելյան Հայաստանում և Անդրկովկասի հայաբնակ վայրերում։ Թուրքական կայսրության մեջ ապրող հայերը զրկված էին բանակում ծառայելու իրավունքից, փոխարենը վճարել են 37,5 ղուրուշ հարկ։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո հայերը ևս ընդգրկվել են զինծառայության, սակայն դա տևել է մի կարճ ընթացք։ Արևմտահայերի բանահյուսական կենցաղում ևս ստեղծվել են զինվորի երգեր, որոնցից մի քանիսը հասել են մեր օրեր։

Տեսակներ խմբագրել

Զինվորի երգերը համախմբված են որոշակի թեմաներով։

Զորակոչի վիճակահանության երգեր․ այստեղ նկարագրվել են զինվորագրման արարողությանը վերաբերող պաշտոնական արարողությունները, վիճակահանությունը, որով կատարվում է ապագա զինվորի ընտրությունը։

Մտա եկեղեցին, վառի մոմերը,
Ձեռքս գցի, հանի տվի նոմերը,
Կերթամ, կերթամ,սալդաթ եմ կերթամ[3]

Վիճակահանությանը հաջորդել է ֆիզիկական պիտանիության հատատումը՝ ըստ ընդունված չափերի։ Զինվորի երգերում պահպանվել են այս գործողությունների մասին հիշողություններ։ Այս իրողությունները ապագա զինվորի հոգեբանության վրա ազդել են իրենց արտասովորությամբ։ Զինվորական համազգեստը, ուտելիքը ևս խորթ են եղել հայ երիտասարդի ճաշակին։

Հրաժեշտի և ուղևորման երգեր․զինվորը հեռանում էր հարազատ միջավայրից, տնից, ընտանիքից ու հայրենիքից մի քանի տարով։ Ուստի նրա հրաժեշտն էլ համակված է տխրությամբ, անհուսությամբ։ Հրաժեշտի առանցքում զինվորի մայրն է, նրան է ուղղված զինվորի վերջին խոսքը․«Մայրիկ, ես գնում եմ, դուն կեցիր բարով»[4] Սիրո թեման զինվորի երգերում միահյուսված է հրաժեշտի մոտիվին։ Նորակոչիկների անունից հորինված երգերում սիրո թեման բնորոշվել է անկատար մնացած ապրումներով ու չվայելած սիրո տվայտանքներով․

Սամավարը բերեք օդեն,
Նոր եմ եկե յարիս մոտեն,
Չեմ կշտանա անուշ հոտեն[5]։

Զինվորի երգերում բացակա են ռազմի թոհուբոհի պատկերները, մարտաշունչ, քայլերգային տրամադրությունները։ Բանակային և մարտական առօրյան ներկայացվել է անհատի հուզաշխարհում բեկված, իմաստավորվել մարդկային ճակատագրի վրա թողած ազդեցության տեսանկյունից։ Կացության անելանելիությունն ու սեփական կյանքը տնօրինելու անզորությունը իրենց հետքն են դրել երգերի վրա։ Այդ առումով առանձնացել է «Հասան Ղալա » երգը՝ Առաջին համաշխարհայինի տարիներին առաջացած բազմաթիվ տարբերակներով։ Զորանոցային կյանքի անցուդարձերի, ռազմաճակատում զինվորի ապրումների, վիրավորվելու, գերվելու թեմաներով երգերից են՝

Զինվորի երգերում տեղ են գտել նաև սոցիալական մոտիվներ սոցիալական անհավասարության ու բողոքի տրամադրություններ։ Զինվորագրության հիմնական ծանրությունը կրել է աշխատավոր մարդը, հարուստները ազատվել են ծառայությունից անգամ դրամական հատուցումով։ «Արև դիպավ Կողբա սարին» երգի տարբերակներում նորակոչիկը դժգոհել է․

Մեր արևը շատ կանանչ է,
Նաչալնիկը մեզ կկանչե,
Քյասիբ տղին հեչ չի ճանչե[6]

:

Մայրապաշտական մոտիվը զինվորի երգերում հատուկ ուշադրության է արժանի։ Սրա ակունքը ևս ազգային-ժողովրդական հոգեբանությունն է։ Երգերում, իր դժվարին կյանքի բոլոր դրվագներում, կռվի դաշտում, վիրավոր թե սպանված, զինվորը մտովի միշտ մոր հետ է։ Մայրը հաղորդակից ու կարեկից է նրա ցավերին։ Իսկ զինվոր որդին մի մտահոգություն ունի, որ իր մասին տխուր լուրը չվշտացնի հարազատներին․

Ոչինչ չասեք անբախտ մորս,
Խաբար չտաք պառավ հորս,
Ծածուկ կասեք մեծ ախպորս[7]

։

Հայրենական պատերազմի իրադարձությունների շրջանում զինվորի մասին երգեր ու խաղիկներ են հորինվել նաև թիկունքում, այդպիսի նմուշներ են՝

  • «Հայրիկս բանակ գնաց»
  • «Կաղնի ծառ ես»
  • «Նամակ ըստացա»։

Այս խաղիկներն ու երգերը ստեղծվել են առաջին դեմքով՝ զինվորի հարազատների անունից։ Հաղթանակի ցնծություն, կորստի ցավ ու կարոտ, որդուն դիմավորող մոր, արդար հաղթանակի հպարտություն․ ահա այսպիսի տրամադրություններով են համակված պատերազմի ավարտն ու զինվորի տունդարձը պատկերող երգերը։ Այս երգերի որոշ նմուշներ այսօր էլ կենդանի են։ Բանակ ճանապարհելու առիթով կազմակերպվող հավաքույթներում հաճախ կատարվում են որոշ երգեր, ինչպես ՝

  • «Լոռվա վագոն»,
  • «Հանդի լալա»,
  • «Նամակ» և այլն։

Բառապաշար խմբագրել

Ապագա զինվորի համար, ով մուտք էր գործել մի խորթ ու անծանոթ աշխարհ, դժվարամատչելի և օտար էին զինվորի առօրյան, կենցաղը, լեզուն։ Նահապետական գեղջուկ միջավայրից ելած երիտասարդի համար շատ դժվար էր հարմարվելը նոր պայմաններին։ 20-րդ դարի 10-ական թվականներից երգեր են մտել «գլավնի», «պրիստավ», «սուդիա», «նաչալնիկ» և այլ նման հասկացություններ։ Իր ամենօրյա աղոթքում հայ մարդը մաղթել է « թագավորներին հաշտություն, աշխարհին խաղաղություն, հացին էժանություն, ցավին-չոռին թանգություն»։ Ժողովրդական մտածողությամբ երգերում անեծքի ու անարգանքի են արժանանում պատերազմ հրահրողները՝ «գերմանը», «թուրքը»։ Նույն կերպ էլ նզովվում են մեծ զոհեր խլած բնակավայրերը՝ «Վերան դառնաս, Հասան-Ղալա» և այլն։ Զինվորի երգերում պահպանվել են նաև ռազմական գործիչների անուններ և տեղանուններ, ինչպես՝ «Վարշավու դուզ», «Կարպատի լեռներ», «Գերմանու ֆրոնտ»,, «թուրքի գրանից»,, Կարս, Օլթի, Մամա-խաթուն, Սարիղամիշ, Ռևան-դուզ, Նիկոլայ թագավոր, Անդրանիկ, գեներալ Բարաթով, Էնվեր փաշա և այլն։

Զինվորի երգերը մեծ մասամբ հորինվել են բարբառային խոսակցական հայերենով։ Երգերում տեղ են գտել ռազմական տեխնիկային ու զինվորական կյանքին բնորոշ ռուսերեն բառեր՝ հայերեն քերականական ձևերով։ Ուշագրավ է սալդաթ բառը, որով բնութագրվել է ցարական բանակում պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորը, իսկ երգերը՝ սալդաթի խաղեր։ Զինվորի երգը ժողովրդական քնարական ավանդական երգի հարատևման մի փուլն է։

Աղբյուրներ խմբագրել

Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր- ՀԽՍՀ ԳԱ, Երևան, 1989, էջ 40-41։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արձագանք», 1888, N27, 1892, N85,1894,N4
  2. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, 1989, էջ 6-7։
  3. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանասիրական արխիվ(ՀԱԻԲԱ),FF VII: 5617:
  4. Կոմիտաս, Ազգագրական ժողովածու, Հայ ժողովրդական երգեր ու պարերգեր, հ․11,երևան, 1950, էջ 126։
  5. ՀԱԻԲԱ, FA V: 3598-3599:
  6. Ա․Բրուտյան, Ռամկական մրմունջներ, Ալեքսանդրապոլ, 1901, էջ 225։
  7. ՀԱԻԲԱ, FF II: 6197: