Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկը, ժամանակակից Հայաստանի իրավաբանների պատրաստման այժմ գործող հնագույն և խոշորագույն կրթական հաստատությունը[1]։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շենքը

Պատմություն

խմբագրել

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն։ Հայաստանում իրավաբանական բարձրագույն կրթությամբ կադրեր ունենալու անհրաժեշտությունը զգացվել է դեռևս առաջին Հանրապետության տարիներին, երբ խնդիր դրվեց ստեղծել հայկական համալսարան։

Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդի 1919 թվականի մայիսի 16-ի օրենքով Ալեքսանդրապոլում ստեղծվեց համալսարան՝ չորս ֆակուլտետներով, այդ թվում և Տնտեսաիրավաբանական։ Ի դեպ, համալսարանի հանդիսավոր բացումից հետո առաջին դասախոսությունը կարդաց Մեսրոպ եպիսկոպոսը՝ «Հայ իրավունքի նշանակությունը Հայաստանի կուլտուրական գործերում» թեմայով։

Հանրապետության Նախարարների Խորհրդի 1920 թ. հունիսի 21-ի որոշմամբ համալսարանում բացվում է առանձին Իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ նորաբաց Իրավաբանական ֆակուլտետում աշխատանքի են հրավիրվում արտերկրում ճանաչված մի շարք հայ իրավաբան գիտնականներ։ Սակայն 1920 թ. վերջին, երկրում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, զգալի փոփոխություններ է կրում նաև համալսարանական կրթության համակարգը. համալսարանի բոլոր ֆակուլտետները փակվում են, և դրանց փոխարեն բացվում է երկու բաժանմունք՝ Բնագիտական և Հասարակագիտական։

1921 թ. հունվարի 23-ին Երևանում տեղի ունեցավ համալսարանի հանդիսավոր բացումը։ Այդ օրը Իրավունքի բաժանմունքի դասախոս Գր.Չուբարյանը Երևանում կարդաց համալսարանի առաջին հրապարակային դասախոսությունը՝ Խորհրդային իրավունքը և Հայաստանի ժողովրդական համալսարանը թեմայով։ Եվ միայն 1933-1934 ուսումնական տարում է ձևավորվել Երևանի պետական համալսարանի Խորհրդային շինարարության ֆակուլտետը, որը 1935 թ-ից անվանվել է Իրավաբանական ֆակուլտետ։ Ֆակուլտետի առաջին դեկան է նշանակվել Կոստանդնուպոլսի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, Երևանի համալսարանում արդեն ճանաչում ունեցող դասախոս, Տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչ Հրանտ Ավետիսի Գալիկյանը։ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերանվանվեց Իրավագիտության ֆակուլտետ։ Այսօր մեր հանրապետությունում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետն իրավամբ համարվում է իրավաբանական կրթության առաջատարը և իրավաբան կադրերի հիմնական դարբնոցը։ Անցած տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է մոտ 15000 շրջանավարտ, որոնք համալրել և շարունակում են համալրել ՀՀ պետական կառավարման, իրավապահ և դատական մարմինների համակարգը։

Ընդունելությունը

խմբագրել

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ուսումն իրականացվում է եռաստիճան կրթական համակարգով. բակալավրիատ, որտեղ սովորում է 466 ուսանող, մագիստրատուրա, որտեղ սովորում է 128 ուսանող և ասպիրանտուրա, որտեղ ուսումը շարունակում է 38 ասպիրանտ և 53 հայցորդ։

Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար ֆակուլտետում կատարվում է ընդունելություն առանց արտադրությունից կտրվելու (5 տարի ժամկետով)` 2-րդ մասնագիտություն ստանալու նպատակով, որտեղ սովորում է 125 ուսանող, իսկ 2007 թ. ֆակուլտետում իրականացվում է հեռակա ուսուցում, որտեղ ներկայումս ուսում է ստանում 368 ուսանող։ 2010 թ. ֆակուլտետում երկու մագիստրոսական ծրագրերով կազմակերպվում է հեռակա ուսուցում (քրեական իրավունք և դատավարություն, քաղաքացիական իրավունք և դատավարություն) 167 ուսանողներով։

Ուսումնական գործընթացը կազմակերպում է ֆակուլտետի դեկանատը և 7 ամբիոնները` Պետության և իրավունքի տեսության ու պատմության, Սահմանադրական իրավունքի, Քաղաքացիական իրավունքի, Քաղաքացիական դատավարության, Քրեական իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, Եվրոպական ու միջազգային իրավունքի, որտեղ դասավանդում են ՀՀ ԳԱԱ 1 թղթակից անդամ, գիտությունների 11 դոկտոր և 54 թեկնածու։

Դրա հետ մեկտեղ, իրավաբանների ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ֆակուլտետում ստեղծվել են Կրիմինալիստիկայի լաբորատորիա և ֆոտոկաբինետ, ուսումնական դատական նիստերի դահլիճ, ինչպես նաև Իրավաբանական կլինիկա (ուսանողական իրավախորհրդատվական ծառայություն)։

Գիտական կենտրոններ

խմբագրել

Ֆակուլտետում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ՝ Եվրոպական ուսումնասիրությունների, Քրեաիրավական և կրիմինոլոգիական հետազոտությունների, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական ու Կրիմինալիստիկայի և դատական փորձաքննությունների պրոբլեմների հետազոտման գիտագործնական կենտրոնները։ Լիարժեք իրավաբանական կրթության կազմակերպման նպատակով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում ներկայումս կիրառվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ֆակուլտետում գործում է Համակարգչային կենտրոն-էլեկտրոնային գրադարանը՝ հագեցված 20 համակարգիչներով։ Պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվել այդ համակարգիչներում տեղադրված ԻՐՏԵԿ իրավաբանական տեղեկատվական համակարգից ու էլեկտրոնային բառարաններից, ինչպես նաև համացանցից (Internet), տարբեր (այդ թվում՝ նաև վճարովի) իրավաբանական տեղեկատվական համակարգերից, որոնք մատչելի են դարձնում իրավունքի բոլոր ճյուղերի գրեթե բոլոր ինստիտուտների վերաբերյալ նորագույն իրավական հետազոտությունները։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում գործում է www.law.ysu.am ինտերնետային էջը, որտեղ զետեղված է մանրամասն տեղեկատվություն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ընթերցասրահում առկա մասնագիտական գրականության և իրավական որոնողական համակարգերի մասին։

Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ակտիվ մասնակցել և մասնակցում են հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների իրականացմանը։

Համագործակցությունը

խմբագրել

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը, որպես ուսումնական հաստատություն և գիտական կենտրոն, արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Դատախազության դպրոցը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք նաև խոշոր գիտական կենտրոններ են։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը մասնագիտական օժանդակություն է ցուցաբերել միջնակարգ դպրոցի բարձր դասարանների Իրավունք առարկայաշարի (Մարդու իրավունքներ, Քաղաքացիական կրթություն, պետություն և իրավունք) ներմուծման ծրագրի իրագործմանը։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նաև շրջանավարտների զբաղվածության հարցերը լուծելու ուղղությամբ։ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գործուն աջակցությամբ ստեղծված Կարիերայի կենտրոնը, հետևելով ամերիկյան իրավաբանական դպրոցների փորձին, ապահովում է ուսանող – շրջանավարտ – գործատու մշտական կապը և օժանդակում ֆակուլտետի շրջանավարտներին իրենց ունակություններին ու որակներին համա-պատասխան աշխատանք գտնելու հարցում։ Կենտրոնի առաջնային խնդիրներից են ուսանողներին և շրջանավարտներին աշխատաշուկայի, դրանում առկա պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովելը և նրանց՝ աշխատանքի ընդունվելուն աջակցելը (անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման, գրագրության, հարցազրույցի և այլ հմտություններ)։ Ֆակուլտետում ընդունելությունը կատարվում է իրավագիտություն մասնագիտությամբ։

Կառուցվածք

խմբագրել

Ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները[2]`

  1. պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն,
  2. սահմանադրական իրավունքի ամբիոն,
  3. քաղաքացիական իրավունքի ամբիոն,
  4. քաղաքացիական դատավարության ամբիոն,
  5. քրեական իրավունքի ամբիոն,
  6. քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն,
  7. եվրոպական ու միջազգային իրավունքի ամբիոն։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Իրավագիտության ֆակուլտետը ԵՊՀ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Իրավագիտության ֆակուլտեըտ ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.