Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան, համալսարանական գրադարան, որը հիմնադրվել է 1935 թվականին։ Գտնվում է Երևան քաղաքում, Թումանյան 42 հասցեում։

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
Հիմնվել է1935
ՏեղադրությունԵրևան
ՀասցեԹումանյան փողոց, 42
Հավաքածուներ
Չափ200 000
Այլ տվյալներ
ՏնօրենԱննա Չուլյան
Կայքbrusov.am/library/yslu-library/about-library

Պատմություն

խմբագրել

ԵՊԼՀ գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պատմությունը սկիզբ է առել 1935 թվականի փետրվարի 4-ին։ Գործել է որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ՝ ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ Բուհը թե՛ համակարգային, թե՛ բովանդակային բազում փոփոխությունների է ենթարկվել, սակայն հավատարիմ մնացել իր կարևոր սկզբունքին՝ օտար լեզվի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը։ Պահպանելով ավանդույթները՝ գրադարանը որդեգրել է հետազոտական գործունեությանը, դասավանդման և կրթության զարգացմանը նպաստելու սկզբունքը։ Գրադարանի հիմնական առաքելությունն է կազմակերպել ԵՊԼՀ ընթերցողական համակազմի համալսարանական պահանջներին և գրադարանավարության արդի չափանիշներին համապատասխան սպասարկում[1]։

Գործունեություն և գրքային ֆոնդ

խմբագրել

Գրադարանը ԵՊԼՀ-ի ակտիվ ստորաբաժանումներից մեկն է համարվում։ ԵՊԼՀ գրադարանում գործում են հետևյալ բաժինները՝ համալրման և մշակման, սպասարկման և գրապահոց, էլեկտրոնային սպասարկման և տեղեկատվության, ընթերցասրահ, Ավստրիական գրադարան։ Այսօր կարևորագույն դեր ունի գրադարանի ավտոմատացումը։ Անընդմեջ ընդլայնվում են գրադարանային ծառայությունների շրջանակները՝ տեխնոլոգիաների և տեղեկատվության ժամանակակից ձևերի ու մեթոդների ներդրմամբ։

 
ԵՊԼՀ գրադարանի ընթերցասրահ
 
Համակարգչային սրահ
 
Ավստրիական գրադարան

Գրադարանից կարող են օգտվել համալսարանի ողջ աշխատակազմը և ուսումնառողները։ Յուրաքանչյուր այլ բուհի ուսանող կամ դասախոս կարող է այցելել ԵՊԼՀ գրադարան որպես արտաքին ընթերցող և օգտվել գրադարանի ֆոնդերից միայն գրադարանի տարածքում։

Գրադարանային ֆոնդերը ձևավորվում և նպատակաուղղված համալրվում են ԵՊԼՀ-ում գործող կրթական ծրագրերին և գիտահետազոտական ուղղություններին համապատասխան։ Հիմնականում ֆոնդերը զետեղված են տարբեր հավաքածուներում, դասակարգված են հատուկ բաժիններով և հասանելի են էլեկտրոնային գրացուցակի միջոցով։

Հիմնադրման օրվանից ի վեր գրադարանը համալրվել է օտարալեզու գրականությամբ։ Այսօր գրքային ֆոնդի մոտ 200000 կտոր գրքից միայն 30%-ն է հայերեն։ Օտարալեզու ֆոնդերը հիմնականում համալրվում են դեսպանատների և հյուպատոսարանների միջոցով՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Պարսկաստանի, Հնդկաստանի և այլն։ Գրադարանը ակտիվ համագործակցում է նաև ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակների հետ։ Ընթերցասրահում է գտնվում ՄԱԿ-ի անկյունը, որը պարբերաբար համալրվում և թարմացվում է նոր գրականությամբ։

Համագործակցում է Հայաստանի բոլոր բուհական գրադարանների հետ տարբեր ձևաչափերով՝ գրքափոխանակումից սկսած մինչև նեղ մասնագիտական հարցեր։ Գրադարանում հաճախ են կազմակերպվում գրադարանային ոլորտին առնչվող սեմինարներ, հանդիպումներ։

Գրադարանն իրականացնում է միջգրադարանային բաժնույթ ոչ միայն Ազգային և ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանների հետ, այլև գրքափոխանակություն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի օժանդակությամբ։ Արդեն մի քանի տարի է՝ գրադարանը համագործակցում է «Առաջին գրական գործակալության», «Անտարես», «Զանգակ», Ռուսաստանի «Совпадение», «Квадривиум» հրատարակչությունների հետ։ Կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, այդ թվում՝ արտասահմանյան։

Հասանելիություն

խմբագրել
  • 2011 թվականից գործում են «Առցանց պատվեր» և «Հարց գրադարանավարին» ծառայությունները։ «Գրականության հայտ» ծառայությունը ի սկզբանե ստեղծվել է որպես օժանդակ միջոց առարկայական նկարագրերի կազմման համար և միտված է օգնելու դասախոսներին։
  • 2015 թվականից ԵՊԼՀ գրադարանը իր պատմության ընթացքում առաջին անգամ ընդգրկված է որպես գործընկեր Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների կառուցում (Erasmus+ Capacity Building in Higher Education) «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» նախագծում[2]։
  • 2016 թվականին ներդրվել է գրադարանային գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգը՝ հիմնված բաց/ազատ կոդերի սկզբունքով նախագծված KOHA համակարգի վրա։ ԵՊԼՀ գրացուցակը Հայաստանի գրադարանների համահավաք քարտագրման համակարգից տեղափոխվեց KOHA-ի հիմքի վրա գործող նոր համակարգ[3]։
  • Անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (ՀԷԳԿ), ինչի շնորհիվ գրադարանին հասանելի են միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական շտեմարանները, որոնց առկայությունը պարտադիր է գիտահետազոտական աշխատանքների համար[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Չուլյան, Աննա. «Երեվանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանը հնի և նորի խաչմերուկում. Բանբեր Հայաստանի գրադարանների, 3 (1), 2017» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 29-ին.
  2. Library Network Support Services: modernising libraries in Armenia, Moldova and Belarus through library staff development and reforming libraries
  3. ԵՊԼՀ գրադարանի էլեկտրոնային գրացուցակ
  4. «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիում».