Ես և նա
«Ես և նա», Նար-Դոսի պատմվածքներից, որ նա գրել է 1889 թվականին։ Պատմվածքն ունի «Մի կորած մարդու հիշատակարանից» ենթախորագիրը։
Ես և նա | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Նար-Դոս |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1889 |
Վիքիդարան | Ես և նա |
Վիքիքաղվածք | Ես և նա |
Սյուժե
խմբագրելՊատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։
Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։
ԵՍ
խմբագրելՊատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Բայց աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, որ շուտով ամուսնանալու է, և խնդրում է մոռանալ իրեն, քանզի իր սիրո նախկին հավաստիացումները սոսկ թյուրիմացություն էին։ Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը
ՆԱ
խմբագրելՎենեցիայի մի ազնվական ընտանիքի միակ զավակն էր Ջուլիետան, որ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե մի սիրո անդունդ է։ Նա ծանոթանում է Անտոնիոյի հետ, որ ջութակ էր նվագում աղջկա պատուհանի տակ։ Տղայի նվագն այնպես է գրավում աղջկա սիրտը, որ նա Անտոնիոյին է նետում իր կարմիր մեխակը։ Դրանից հետո նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո էլ Ջուլիետան դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չի երևում Վենեցիայի փողոցներում։
Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սենյորա, ես չեմ կարող»։
Վերջում «կորած մարդը» եզրակացնում է, որ իր կործանման պատճառն իր բուրժուական շրջապատն է, որտեղ ինքը մեծացել է որպես կամազուրկ ու փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է ու այլևս չի կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած թափառական երաժիշտն օժտված է երկաթակուռ կամքով, հաղթահարում է ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։
Մի սիրավեպ՝ հար և նման իմ սիրավեպին, մի սուր հակադրությամբ միայն․ այստեղ ես էի-իմ բուրժուական միջավայրի հարազատ ծնունդը, տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ, փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է այլևս չելնելու համար, իսկ այնտեղ նա-աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան, թափառական մի պատանի իր միջավայրի երկաթակուռ կամքով, որով զինված, ոչ թե ընկճվում է ինձ պես առաջին իսկ հարվածից, այլ ընդհակառակը, ո՜վ գիտե ինչ դժվարություններ հաղթահարելով, հետզհետե բարձրանում է մինչև գլխապտույտ բարձունքները, որպեսզի այնտեղից վրիժառության թույնը թափի իր մարդկային արժանապատվությունն արհամարհողների, իրեն նվաստացնողների գլխին։ Բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ․․․Օ՜ ի՜նչ հրաշալի վրիժառություն, որի համար, սակայն, ես անընդունակ եղա։ Եվ այնուհետև ինչպե՞ս չհավատամ իմ դասակարգի ճակատագրին, որին բնական մի անեծքով դատապարտված նա հետզհետե այլասերվելով, պիտի դառնա ինձ պես իբրև փտած ծառի կոճղին բսած մի մգլած մակաբույծ և չքանա անհետ, տեղի տալով նրա՛նց, որոնք ներքևից բարձրանում են վերև...[1]
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Պատմվածքներ և նովելներ հայ արձակից, Երևան, 1986։