Եպարքոս, էպարքոս (հուն․՝ επαρχος), քաղաքապետի անվանումը Բյուզանդիայում (մասնավորապես Կոստանդնուպոլսում)։ Եպարքոսը նշանակվել է կայսեր կողմից։ Այն առաջին անգամ հիշատակվում է 4-րդ դարի կեսին և հատուկ նշանակություն է ունեցել 5-րդ դարում։ 10-րդ դարի ավատատիրական հիերարխիայում զբաղեցնում Էր 18-րդ տեղը (Փոքրասիական բանակաթեմերի զորավարներից հետո) և օժտված էր բանակաթեմերի զորավարներից ավելի մեծ իշխանությամբ։ Մայրաքաղաքից կայսեր բացակայության դեպքում կարևոր հարցերը լուծում էին Եփարքոսը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կոստանդնուպոլսի Եփարքոսը հաճախ գլխավորել է կառավարությունը, կարգավորել մայրաքաղաքի տնտեսական կյանքը, քննության ենթարկել արհեստավորների ու առևտրականների դատական գործերը (նրանց կորպորացիաները ենթարկվում Էին Եպարքոսին), լուծել արտաքին առևտրի հետ կապված հարցերը։

Քաղաքային ինքնավարության անկմանը զուգընթաց եպարքոսի հեղինակությունը բարձրացել է, սակայն Պալեոլոգոսների ժամանակ (1261-1453 թվականներ) այն կորցրել է իր իշխանությունը, նրա ֆունկցիաները իրագործել են արքունիքին մոտ կանգնած անձինք։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 518 CC BY-SA icon 80x15.png